Գալուստ Սահակյանը քաղաքական ակտիվ աշուն է կանխատեսում

Հայաստանի քաղաքական դաշտում ակտիվ աշուն է սպասվում: Այս մասին սեպտեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Աշունն, ինչպես միշտ, շատ ակտիվ է լինելու, դա կապված է հատկապես խորհրդարանի աշխատանքի հետ: Արդեն իսկ մամուլում տարբեր կարծիքներ կան սահմանադրական փոփոխությունների առիթով, և սա ևս ավելի է ակտիվացնելու մեր քաղաքական կյանքը, որը ես դրական եմ գնահատում»,-նշեց Սահակյանը:

Նրա գնահատմամբ’ Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, դա կարող է լինել երկարատև գործընթաց, քանզի պետք է ստեղծվի հանձնախումբ, պետք է ներկայացվի փաթեթ և քննարկումներ լինեն, որոնց արդյունքում էլ հանրությանը կներկայացվի փաստաթուղթը, որը կդրվի հանրաքվեի: Գալուստ Սահակյանը նշեց, որ դեռ վաղ է ասել է, թե ինչ փոփոխությոններ տեղի կունենան, սակայն ինքը դեմ է կառավարման խորհրդարանական մոդելի անցմանը:

Անդրադառնալով «գենդերի մասին» անվանումն ստացած օրենքին (Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին»), Սահակյանը նշեց, որ այն պաշտպանում է կանանց իրավուքները, «թե դրա հետ մարդիկ ինչ են կապում, արդեն իրենց խնդիրն է»: Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում փո­փոխություններ կատարելու նա­խագծին, որով առաջարկվում է օրենքից հանել հասարակական բուռն քննարկումների արժանացած «գենդեր» եզրույթը: Այն կփոխարինվի «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները» բառերով:

Դիտարկմանը, թե մամուլում խոսակցություններ կան, որ ՀՅԴ անդամներ Վահան Հովհաննիսյանը և Լևոն Մկրտչյանը դեսպաններ են նշանակվելու, Սահակյանը չտվեց հստակ պատասխան: Նրա կարծիքով’ անհրաժեշտ է անձին գնահատել ըստ կարողությունների եւ ոչ թե ըստ կուսակցական պատկանելության:

Խոսելով Փակ շուկայում ընթացող շինարարական աշխատանքների դեմ բողոքի ակցիաներից’ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ առհասարակ կողմ է նման ակցիաներին, քանզի եթե ժողովուրդն ունի բողոք, ապա այն պետք է արտահայտի: Իսկ մեղավորները պետք է կպատժվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում