Թուրք խաղաղապահները լքել են Լիբանանի տարածքը

Թուրքիան Լիբանանի տարածքից դուրս է բերել իր խաղաղապահներին, որոնք այդ երկրի տարածքում ծառայություն էին կատարում միջազգային խաղապահ ուժերի կազմում (UNIFIL): Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքը:

Թուրք զինծառայողները սեպտեմբերի 2-ին մեկնել են Իսքենդերուն (Անտիոք’ Ալեքսանդրետ) նավահանգիստ, որտեղից նրանք կփոխադրվեն մշտական ծառայության վայրեր:

Նշվում է, որ ներկայում Թուրքիան Լիբանանում UNIFIL-ի կազմում ներկայացված է ընդամենը երեք զինծառայողներով, ովքեր կշարունակեն ծառայություն իրականացնել հրամանատարության շտաբում: Լիբանանում խաղաղապահ ուժերի կազմում թուրքական կողմը ներկայացված կլինի նաեւ մեկ ռազմական կատերով:

Թուրքիայի խորհրդարանն ավելի վաղ մեկ տարով երկարաձգել էր Լիբանանում խաղաղապահ ուժերի կազմում թուրք զինվորների ներկայացվածությունը, սակայն, չնայած դրան, Անկարան որոշել է հետ կանչել նրանց:

Թուրքիայի իշխանություններն այդ քայլը բացատրում են Լիբանանում իրենց զինված ուժերի ներկայացվածության ոչ անհրաժեշտ լինելով: Սակայն, որոշ փորձագետներ նշում են, որ Անկարայի այդ քայլը կարող է պայմանավորված լինել անցյալ ամիս Լիբանանում երկու թուրք օդաչուների առեւանգման հետ, որոնց թուրքական կողմին վերադարձնելու հարցը դեռեւս չի լուծվել: Որոշ տեղեկություններով’ թուրք օդաչուներին առեւանգել են ծայրահեղ կրոնական խմբավորումները, որոնք իշխանություններից պահանջում են ազատ արձակել ձերբակալված իրենց եղբայրներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում