Ադրբեջանցի պաշտոնյան փորձել է պատասխանել Human Rights Watch-ի զեկույցին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը ծիծաղելի պատասխան է տվել Human Rightes Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցին’ հայտարարելով, թե այն «աշխարհում Ադրբեջանի դրական հեղինակությունը խարխլելու կանխակալ, զրպարտիչ բնույթի պատվեր է», եւ նախատեսված է համաշխարհային հասարակայնությանը «մոլորեցնելու» համար: Այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աղետալի վիճակի մասին զեկույցը հրապարակվել էր երեկ’ «Ադրբեջանում պտուտակների ամրացման ժամանակաշրջանը. քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության նկատմամբ հարձակումները» խորագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ադրբեջանցի պաշտոնյան դժգոհել է, որ միջազգային կազմակերպությունը Հարավային Կովկասում նկատում է միայն Ադրբեջանում առկա թերությունները, իսկ Հայաստանի մասին, նրա խոսքով’ լռում է: Զավեշտալին այն է, որ սեփական երկրում առկա մարդու իրավունքների աղետալի վիճակը միջազգային կազմակերպության կողմից քննադատությունը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը «պատճառաբանում» է այն բանով, որ Human Righst Watch-ի կառավարման խորհրդի անդամներից մեկը ազգությամբ հայ է:

Կազմակերպության զեկույցում Ադրբեջանում պաշտոնական մակարդակով առկա հայատյացության մասին հիշատակումը «հիվանդ երեւեկայության արգասիք» համարած ադրբեջանցի պաշտոնյան կրկնում է իր ղեկավարների այն հիվանդ երեւակայությունը, թե, իբր, Ադրբեջանում «30 հազար հայեր» են բնակվում, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող բոլոր հայերին Ադրբեջանն իր «քաղաքացիներն է համարում, որոնց հետ Բաքուն պատրաստ է խաղաղ գոյակցել հակամարտության լուծումից հետո»: Եվ դա դուրս է տալիս մի երկրի նախագահի աշխատակազմի պաշտոնյան, որը 22 տարի առաջ բնաջնջման պատերազմ էր սանձազերծել խաղաղ կերպով իրենց իրավունքները պահանջող Արցախի բնակչության դեմ:

Human Rights Watch միջազգային կազմակերպության կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ երեկ հրապարակված 100 էջանոց զեկույցն անմիջապես հրապարակել են նաեւ աշխարհում առաջատար BBC-ի, Euronews-ի, «Ալ Ջազիրա»-ի, Reuters-ի, The Economist-ի նման հայտնի լրատվամիջոցները: Հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին քննադատական այդ զեկույցին համաշխարհային մամուլն անդրադարձել է այդ երկրում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին մեկ ամիս մնացած:

Հրապարակումներում համաշխարհային ԶԼՄ-ները ուշադրության են հրավիրել զեկույցի հատկապես այն հատվածին, որում նշվում է, որ երկրում ընդդիմությանը լռեցնելու համար Ադրբեջանի իշխանությունը «վատ նպատակադրված քաղաքականություն» է վարում, եւ որ նախագահական ընտրություններից առաջ երկրում ազատ հավաքվելու, արտահայտվելու եւ միավորվելու ազատության իրավունքները ոտնահարելու ադրբեջանական կառավարության վարած քաղաքականությունն ավելի ինտենսիվ բնույթ է ստացել:

Նշվում է, որ 2012թ.-ի փետրվարից մինչեւ 2013թ.-ի օգոստոսն Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով 39 անձինք դատապարտվել եւ բռնաճնշումների են ենթարկվել, երկիրն ամենակոռումպացվածներից է աշխարհում, եւ, պատահական չէ, որ Transparency Internatioanl կազմակերպության զեկույցում աշխարհի 176 երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցնում է 139-րդ տեղը կոռուպցիայի մակարդակով:

Միջազգային ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի խորհրդարանը փաստացի ամբողջությամբ վերածվել է անգործ կառույցի եւ զբացված է նախագահի աշխատակազմից ուղարկված փաստաթղթերի հաստատումով:

Զեկույցում Ադրբեջանի միջազգային գործընկերներին, հատկապես, Եվրամիությանը, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին եւ այլ շահագրգիռ կողմերին խորհուրդ է տրվում Ադրբեջանի հետ բաց եւ փակ շփումներում անհանգստություն հայտնել քաղաքացիական հասարակության նկատմամբ կատարվող ճնշումների, երկրում հավաքվելու եւ միավորվելու իրավունքները խախտելու հարցերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում