ԵՄ-ն հարգում է Հայաստանի որոշումը. Լինաս Լինկյավիչյուս

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցից հետո նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը, անակնկալի է բերել Եվրոպական միության պաշտոնյաներին, որոնք նախապարտրաստվում էին նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանի հետ քաղաքական ասոցացաման և ազատ առևտրի գործարք կնքել:

 Սեպտեմբերի 3-ի գիշերը հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ նախագահող երկրի՝ Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը’ նշելով, որ Հայաստանը, որոշելով անդամակցել Ռուսաստանի կողմից ղեկավարվող Մաքսային միությանը, արգելափակել է Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու իր հնարավորությունը: «Մենք հարգում ենք երկրների ընտրությունը, սակայն նրանք չեն կարող միաժամանակ անդամակցել երկու կազմակերպություններին, որոնք տարբեր տարիֆային պահանջներ ունեն», – նշել է Լիտվայի արտգործնախարարը:

«Եվրոպայի ձայնի» փոխանցմամբ’ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկն ավելի ուշ հանդես է կոչով Եվրոպական միությանը «համագործակցության նոր ձևեր գտնել Հայսատանի հետ, որն ակնհայտորեն ցանկանում է սերտորեն համագործակցել ԵՄ-ի հետ և ինչն, ըստ երեւույթին, սահմանափակվում է երրորդ երկրի կողմից»:

Հարցը խորությամբ ուսումնասիրելու նպատակով եվրոպական դիվանագետները սեպտեմբերի 3-ի երեկոյան հրատապ հանդիպում են ունեցել Երևանում: «Մենք խորհրդակցում ենք հայաստանայան մեր գործընկերների հետ: Երբ արդեն մեզ հասանելի լինեն մանրամասները, անշուշտ, մենք կքննարկենք այսօրվա հայտարարության բոլոր հնարավոր հետևանքները»,- Euobserver-ին ասել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի քարտուղարը:

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: Բացի դրանից, Սերժ Սարգսյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է պահպանել լավ հարաբերությունները ԵՄ-ի հետ: «Այս որոշումը չի մերժում եվրոպական կառույցների հետ տարված մեր երկխոսությունը: Վերջին տարինե րի ընթացքում Հայաստանն իր եվրոպական գործընկերների աջակցությամբ մի շարք կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներ է կատարել: Եվ այսօրվա Հայաստանն, այդ առումով, զգալիորեն ավելի արդյունավետ և մրցունակ վիճակում է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք շարունակել այդ բարեփոխումները նաև ապագայում», – ասել է Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում