Դիարբեքիրի եկեղեցու թանգարանում կցուցադրվի 17-րդ դարում տպագրված Աստվածաշունչ

Թուրքիայի քրդական տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի (Տիգրանակերտ)’ անցյալ տարի վերաբացված Սուրբ Կիրակոս եկեղեցու թանգարանում կցուցադրվի եկեղեցու վերանորոգման համար երկար տարիներ պայքար տարած հայտնի գրող Մկրտիչ Մարկոսյանի նվիրաբերած’ 17-րդ դարում տպագրված Աստվածաշունչը:

Գրողը Ստամբուլի «Ակոս» թերթին հայտնել է, որ Աստվածաշունչն ինքը 12 տարի առաջ գտել է անուշադրության մատնված Սուրբ Կիրակոս եկեղեցում’ զուգարանի թղթերի համար թափված թղթերի կույտի միջից:

Նրա խոսքով’ Աստվածաշունչը տպագրվել է 1690 թ-ին’ Վենետիկի Սուրբ Ղազար վանքում: «Ես այն պահել եմ իմ աչքի լույսի պես: Եվ այժմ, երբ իմացա, որ Սուրբ Կիրակոս եկեղեցում հայերին վերաբերող թանգարան է ստեղծվում, որոշեցի այն նվիրել թանգարանին: Կարեւորն այն է, որ Աստվածաշունչը փրկվել եւ վերադառնում է տուն»,- ասել է հայ գրողը: Մկրտիչ Մարկոսյանը 1993 թ-ից գործող «Արաս» հրատարակչության հիմնադիրներից է:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը հայտարարել է, որ Արեւելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու մի մասը գործելու է որպես հայկական մշակույթի թանգարան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում