Ադրբեջանում սատկած անասունների միս են ուտում հասարակական սննդի օբյեկտներում

Ադրբեջանի սպառողների միության նախագահ Էյուբ Հուսեյնովը հայտարարել է, որ երկրում շրջաններից սատկած անասունի լեշ հավաքող եւ սննդի օբյեկտներին վաճառող խմբավորում է գործում, որը մեկ ամիս առաջ տարածված բունյավիրուսից սատկած անասունների միսը շրջաններից հավաքում եւ հանձնում է հարսանյաց սրահներին, խորովածանոցներին եւ երշիկի արտադրամասերին:

«Բիզիմ յոլ» թերթի հետ զրույցում Հուսեյնովն ասել է. «Արդեն մի քանի տարի է’ Ադրբեջանում շրջաններից սատկած անասունի լեշ հավաքող խմբավորում է գործում: Այդ խմբավորումը կազմակերպված կերպով’ սատկած անասունների միսը տեղափոխում է Գյանջա, Բաքու, Սումգայիթ եւ վաճառում հարսանյաց սրահներին, խորովածանոցներին, երշիկի արտադրամասերին եւ ռեստորաններին: Մեր կազմակերպությունն անգամ ունի այդ ձեռնարկությունների ցուցակը: Հարցը բազմիցս բարձրացրել ենք պետկան մարմինների առաջ, սակայն, ոչ մի պետական մարմին չի արձագանքել: Այդ միսը վաճառող մարդիկ Բաքվում հարսանյաց սրահներ, թանկարժեք ավտոմքենաներ, առանձնատներ ունեն: Նրանցից ոմանց անունները եւս հայտնի են: Ցավոք, պետական մարմինները ուշադրություն չեն դարձնում մեր դիմումներին»:

Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության պետական անասնաբուժական ծառայության պետի տեղակալ Ռամիզ Սալմանովը Բաքվում օրեր առաջ հայտարարել էր, որ երկրի տարածքում 176 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն վարակվել է բունյավիրուսով: Սալմանովը խորհուրդ չի տվել օգտագործել սատկած կենդանիների միսը: «Դրա հետ միասին, անասուններին կարելի է մորթել հիվանդության բուժումից առնվազը երեք օր անց, քանի որ վիրուսային ինֆեկցիան այդքան արագ չի անցնում»,-խորհուրդ է տվել նա:

Ադրբեջանի գլխավոր անասնաբույժի տեղակալը հայտնել է, որ ներկա դրությամբ’ Ադրբեջանում անասնագլխաքանակի 30 տոկոսը վարակված է բունյավիրուսով: 35 շրջաններում հազարավոր խոշոր եղջերավոր անասուններ արդեն սատկել են: Չինաստանում այդ վիրուսը տասնյակ մարդկանց կյանք է խլել:

Ադրբեջանում խոշոր եղջերավոր անասունների զանգվածային հիվանդության եւ անկման մասին օգոստոսի 24-ին հայտնել էր ադրբեջանական APA TV հեռուստաաալիքը: Հաղորդման մեջ նշվել էր, որ Գյոյչայի շրջանում եղած 17 հազար խոշոր եղջերավոր անասուններից 6 հազարն արդեն վարակվել են բունյավիրուսով, տասնյակ անասուններ էլ սատկել են: Տեղի անասնաբույժի խոսքով’ անասունների մոտ հիվանդության նշաններն ի հայտ են գալիս կերից հրաժարվելու, հետեւի ոտքերի բռնվելու եւ անասունի բերանից հեղուկի արտահոսքի ձեւով: Այդ հիվանդությամբ վարակված անասունը մի քանի օր հետո սատկում է: Հիվանդությունը տարածվել է նաեւ մանր եղջերավոր անասունների մեջ:

Հիվանդությունը, որը սկսվել էր օգոստոսի կեսերին տեղացած հորդառատ անձրեւից հետո, արդեն տարածվել է Ադրբեջանի ամբողջ տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում