ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նորանշանակ համանախագահն առաջիկայում կայցելի տարածաշրջան

Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը առաջիկա շաբաթվա ընթացքում կայցելի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից:

Ավելի վաղ ամերիկացի դիվանագետն իր թվիթերյան էջում գրել էր, որ պատրաստվում է այցելել Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ: «Ես այցելություն կկատարեմ’ սկսելու ԼՂ հարցի կարգավորման գործում իմ ջանքերը ներդնելու գործընթացը»,- գրել է նա:

Օգոստոսի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ է նշանակել դեսպան Ջեյմս Ուորլիքին: Նա վերջին շրջանում աշխատել է որպես Աֆղանստանում և Պակիստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ և Աֆղանստանի հետ երկկողմ անվտանգության պայմանագրի գլխավոր բանակցող: 2009-2012 թվականներին Ուորլիքը եղել է Բուլղարիայում ԱՄՆ դեսպան, 2006-2009 թվականներին’ Միջազգային կազմակերպությունների հարցերով բյուրոյում պետքարտուղարի առաջին փոխտեղակալ, իսկ 2005-2006 թվականներին Եվրոպական անվտանգության և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրե ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում