Արցախի ԱԺ նախագահն ընդունել է դանիական պատվիրակությանը

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի՝ Ֆոլկետինգի պատգամավորներ Եվա Կյեր Հանսենին, Մյոլլեր Մարի Կրարուպին և նրանց ուղեկցող անձանց՝ հասարակական գործիչների, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների, ովքեր նախօրյակին Արցախ են ժամանել մեկօրյա ճանաչողական այցով։ Պատվիրակությանն ուղեկցել է Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանը։ Ողջունելով հյուրերին ու գոհունակություն հայտնելով այցի կապակցությամբ’ ԱԺ նախագահը կարևորել է այն։

«Համոզված եմ, որ ձեր այցն ամենալավ միջոցն է իրավիճակին անմիջականորեն տեղում ծանոթանալու համար, առավել ևս, որ առանց նման շփումների դժվար է պատկերացնել որևէ հիմնախնդրի լուծում կամ հակամարտության կարգավորում, լինի այստեղ, թե աշխարհի մեկ այլ վայրում»,- նշել է ԱԺ նախագահը։

Իր հերթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տիկին Հանսենը հայտնել է, որ առաջին անգամն են այստեղ և մտադիր են տարբեր հանդիպումների ընթացքում շատ բան իմանալ Լեռնային Ղարաբաղի մասին։ Զրույցի ընթացքում շոշափվել են տարաբնույթ հարցեր՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքի, Ազգային ժողովի կառուցվածքի ու կազմի, օրենսդրական գործունեության, օրենսդիր մարմնում ներկայացված կուսակցությունների, երկրի սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային կյանքի հետ։ Պատասխանելով դանիացի պատգամավորների և նրանց ուղեկիցների հարցերին, ԱԺ նախագահը հարկ եղած պարզաբանումներ է տվել դրանց։

Դանիական պատվիրակության ներկայացուցիչները ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ առանձնազրույցից հետո մասնակցել են ավելի լայն շրջանակով հանդիպման։ Այդ անգամ նրանց զրուցակիցները խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչներն են եղել’ պատգամավորներ Արպատ Ավանեսյանը և Արամ Գրիգորյանը («Հայրենիք»), Վահրամ Աթանեսյանը և Վարդգես Բաղրյանը («Ժողովրդավարություն»), Արմեն Սարգսյանը և Վահրամ Բալայանը («Դաշնակցություն»)։ Հանդիպումը, որը տեղի է ունեցել ԱԺ նիստերի փոքր դահլիճում, վարել են արտաքին հարաբերություն ների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը և Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանը։

Դանիացի հյուրերին հետաքրքրել են Արցախի խորհրդարանական կուսակցությունների դավանած գաղափարախոսությունների նմանություններն ու տարբերությունները, նրանց դիրքորոշումներն ամենատարբեր բնագավառներում և ոլորտներում՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչև մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային հիմնախնդիրների ու խնդիրների լուծման ուղիների տեսլականները։ Զրույցի ընթացքում ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները, ի պատասխան հյուրերի բազմազան հարցերի, հանդես են եկել համապատասխան պարզաբանումներով։

Նույն օրը Դանիայից ժամանած պատվիրակությունը մեկնել է Ստեփանակերտից՝ ճանապարհին կանգ առնելով Շուշիում և հանդիպում ունենալով Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում