Հալեպում երեք հայ է զոհվել

Հալեպի Սուլեյմանիա շրջանում մոտ մեկ շաբաթ առաջ ընկած հրթիռից զոհվել է երեք հայ, կան նաև վիրավորներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի աղբյուրը: Նրա խոսքերով’ վերջերս Հալեպի բնակչությունը զրկված է համացանցից, հեռախոսային կապն էլ գործում է որոշակի խափանումներով: «Միայն երեկվանից սկսեց գործել հեռախոսային կապը, բայց բջջային կապը լավ չի աշխատում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ‘ ասաց նա: Աղբյուրի հավաստամամբ’ քաղաքը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, շաբաթը մի քանի անգամ քաղաքից դուրս գալ փորձող ավտոբուսները հետ են վերադարձվում: «Մոտակա քաղաքներ’ Դամասկոս և Բեյրութ մեկնելու նպատակով գնված տոմսերն այսօր հետ են վերադարձվել, քանի որ փակ են ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ճանապարհները»,- ասաց աղբյուրը: Այն դժվարացավ պատասխանել այն հարցեին, թե քանի հայ կա Հալեպում, բայց նշեց, որ նրանք շատ են: «Քաղաքում վառելանյութ ընդհանրապես չկա, բոլոր լիցքավորման կայանները փակ են, ձեռքի վրա երբեմն վաճառում են, բայց շատ բարձր գներով: Առկա է նաև սննդամթերի գների մեծ սղաճ»,- ասաց նա:

Գրեթե 2 շաբաթ է, ինչ Հալեպը գտնվում է շրջափակման մեջ, փակ են քաղաքից դուրս տանող ճանապարհները: Վերջին տասն օրվա ընթացքում բնակչությունը զրկված է եղել հեռահաղորդակցման միջոցներից, որի պատճառով էլ այնտեղ կատարվող իրադարձությունների արձագանքները ուշացումով են հասնում Հայաստան:

Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Ըստ որոշ տեղեկությունների’ զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 1300-ի: Միջադեպից հետո Սիրիայի կառավարական ուժերը եւ ընդդիմադիրները ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին’ միմյանց մեղադրելով դրանում: Սիրիայի կառավարությունն օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը: Փորձագետները Սիրիան լքել են օգոստոսի 31-ին՝ իրենց հետ տանելով փորձանմուշները: Նույն օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ռազմական հարվածներ կհասցնի Սիրիային, եթե Կոնգրեսից ստանա համաձայնություն: Թուրքիայում եւս սահմանային զորքերը բերվում են մարտական պատրաստության:

ՄԱԿ-ի տվյալներով’ ավելի քան երկու տարի ձգվող սիրիական պատերազմի արդյունքում մինչև 2013թ.ի ապրիլ այդ երկրում մահացել է ավելի քան 100 հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում