Սիրիական խնդիրը կարող է նաև քաղաքական լուծում ստանալ.արաբագետ

Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու պաշտոնական Դամասկոսի պատրաստակամությունը կարող է հիմնական մեխը լինել Սիրիայում ռազմական միջամտության հնարավորությունը գոնե առժամանակ հետաձգելու եւ հակամարտության կարգավորումը քաղաքական հարթություն տեղափոխելու համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու առաջարկին եւ Բարաք Օբամայի՝ հայտարարությանը, ըստ որի’ այդ դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է հետաձգել ռազմական միջամտությունը: «ԱՄՆ-ը լրջորեն տրամադրված էր Սիրիային ռազմական հարված հասցնել, ուստի Սիրիան եւ նրա արտաքին հովանավորները պետք է որոշակի փոխզիջման գնային՝ դրանից խուսափելու համար»,- նշեց Պետրոսյանն՝ ընդգծելով, որ սիրիական կառավարությունը հավանություն է տվել քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու Ռուսաստանի առաջարկին:

Արաբագետն ընդգծեց, որ այս պահին շատ դժվար է ասել, թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, քանի որ Սիրիայում պատերազմական իրավիճակ է, եւ ամեն ինչ կարող է պատահել: «Նույնիսկ քիմիական զենքի կիրառման միջադեպը հնարավոր չեղավ ինչպես հարկն է ուսումնասիրել՝ մասնագետների անվտանգության խնդրի առկայության պատճառով»,- շեշտեց նա:

Արաբագետն ընդգծեց նաեւ, որ ռազմական միջամտությունը հետաձգելու Բարաք Օբամայի պատրաստակամությունը խոսում է այն մասին, որ Սիրիայի դեմ ուղղված ռազմական սպառնալիքներով փորձ էր արվում դիվանագիտական, հոգեբանական եւ քարոզչական ճանապարհով ճնշում գործադրել սիրիական իշխանությունների վրա: «Այս պահին էլ նմանատիպ գործընթաց է իրականանում, որի միջոցով փորձ է կատարվում հակամարտության կարգավորման դիվանագիտական եւ քաղաքական այլընտրանքային լուծումներ գտնել»,- պարզաբանեց նա:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստ է հետաձգել Սիրիային ռազմական հարված հասցնելը, եթե այդ երկրի կառավարությունը իր քիմիական զենքը փոխանցի համաշխարհային հանրության վերահսկողությանը: Օբաման այս քայլը «պոտենցիալ բեկում» է որակել սիրիական հակամարտության հարցում: Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան կոչ էր արել Սիրիային քիմիական զենքը հանձնել միջազգային հսկողությանը, եթե դա թույլ կտա խուսափել ԱՄՆ-ի ռազմական միջամտությունից:

Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Ըստ որոշ տեղեկությունների’ զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 1300-ի: Միջադեպից հետո Սիրիայի կառավարական ուժերը եւ ընդդիմադիրները ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին’ միմյանց մեղադրելով դրանում: ԱՄՆ-ը մեծացրել է Սիրիայի շուրջ ռազմական ներկայությունը՝ ակտիվացնելով ռազմական միջամտության սցենարի քննարկումները:

Նույն օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ռազմական հարվածներ կհասցնի Սիրիային, եթե Կոնգրեսից ստանա համաձայնություն: Թուրքիայում եւս սահմանային զորքերը բերվում են մարտական պատրաստության:

ՄԱԿ-ի տվյալներով’ ավելի քան երկու տարի ձգվող սիրիական պատերազմի արդյունքում մինչև 2013թ.ի ապրիլ այդ երկրում մահացել է ավելի քան 100 հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում