Սիրիայում ազատ են արձակվել առևանգված հայ տղամարդիկ

Սիրիայում ազատ են արձակվել առևանգված երեք հայեր: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում է «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը’ հավելելով, որ այս պահին մանրամասները ճշտվում են: «Ազատ արձակված հայերի անուններն արդեն հայտնի են. Կարո Պապողլյան, Սագո Ասատուրյան, Գարեգին Հացագործյան: Նրանք այժմ Հալեպում են»,-ասաց Շահան Գանտահարյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ հենց նոր Դամասկոսից «Ազդակ»-ի թղթակցին հաջողվել է հեռախոսով կապ հաստատել Հալեպի հետ:

Հիշյալ անձինք առեւանգվել էին հուլիսի վերջին Հալեպից Երեւան ճանապարհին: Նրանց հետ նաեւ Նարեկ Վարժապետյանն էր, ով ազատ էր արձակվել սեպտեմբերի 8-ին: Առեւանգված հինգերորդ տղամարդն ավտոբուսի վարորդն էր, ով հայ չէ: Ավտուբուսում գտնվող երեք հայ կանայք տարվել էին Թուրքիա. նրանք Քիլիսի նահանգում մի պանդոկում էին: Հալեպից Երեւան ճանապարհված ավտոբուսը Սիրիա-Թուրքիա սահմանին կանգ էր առել զինյալ խմբավորման պարտադրանքով:
Սիրիայում ավելի քան երկու տարի տեւող բախումների հետեւանքով ավելի քան 100 հազար մարդ է զոհվել, նրանց թվում մոտ վեց տասնյակի հասնող հայեր են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում