Թուրքական դատարանը չի ապահովել «Ակոս»-ի թղթակցի անվտանգությունը

Անկարայի առաջին ատյանի 2-րդ դատարանը Ստամբուլի «Ակոս» թերթի թղթակից Բասքըն Օրանի նկատմամբ թուրք ազգայնական կազմակերպության անդամի արած մահվան սպառնալիքներն ու հայհոյանքները խոսքի ազատություն է համարել եւ այդ պատճառաբանությամբ հետաձգել դատական նիստը:

 Բասքըն Օրանը «Թուրք վրիժառուների բրիգադ» կոչված կազմակերպության անդամ Բիլալ Շեքերօղլուից 2008 թ-ի մայիսի 30-ին էլեկտրոնային նամակ էր ստացել, որում վերջինս գրել է, թե «Ակոս»-ի խմբագիր Հրանտ Դինքից հետո գալու է նրան սպանելու հերթը, եւ քանի որ իրենց «բրիգադը դեռ գործում է, Օրանը չի կարող հանգիստ քնել»: Վիրավորանքներով եւ սպառնալիքներով լի նամակում թուրք ազգայնականը հայտարարել է, որ Բասքըն Օրանը դառնալու է իրենց «վրիժառության զոհ ը»: Նման բովանդակությամբ նամակ Շեքերօղլուն հղել էր նաեւ «Ակոս»-ի խմբագրությանը:

Բասքըն Օրանի հայցով Բիլալ Շեքերօղլուի նկատմամբ դատական գործ է բացվել, եւ Ադանայի դատախազությունը պահանջել է «Թուրք վրիժառուների բրիգադ»-ի անդամին դատապարտել 7,5 տարվա ազատազրկման: Սակայն վերջինս գործը տեղափոխել է Անկարայի դատարան, որը վճռել է 5 տարի ժամկետով հետաձգել դատը:

Քաղաքագետ եւ հայտնի լրագրող Բասքըն Օրանը «Ներեցեք մեզ, հայեր» ինտերնետային ստորագրահավաքի նախաձեռնողներից է, եւ զբաղվում է Թուրքիայում ազգային փոքրամանսությունների խնդիրներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում