Գագիկ Բեգլարյանը կարևորել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման համար երրորդ տրանշի փոխանցման արագացումը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի փոխառության գործառնությունների վարկային գծով ղեկավար Բհիմանտարա Վիդյաջալայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:

ԱԶԲ-ն ծրագիրը ֆինանսավորում է 500 միլիոն դոլարի չափով։ Այդ գումարով կկատարվի «Հյուսիս-hարավ»-ի Աշտարակ-Լանջիկ-Գյումրի ճանապարհի մոտ 150 կմ հատվածի վերակառուցումը (72 կմ հատվածում շինարարական աշխատանքներն ընթանում են, 18.25 կմ հատվածի համար կհայտարարվի մրցույթ, իսկ մոտ 60 կմ հատվածի մրցույթը կմեկնարկի նախագծային աշխատանքների ավարտից հետո) և Արտաշատից մինչև Քաջարան՝ մոտ 304 կմ հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, նախնական նախագծումը և ԱԶԲ կողմից իրականացվելիք մոտ 60 կմ հատվածի վերջնական և մանրամասն նախագծումները:

Բհիմանտարա Վիդյաջալան տեղեկացրեց, որ այցելել է շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների որակին: Նա հույս հայտնեց, որ ծրագիրը հաջողությամբ կավարտվի սահմանված ժամկետում:

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ կարևորագույն խնդիր է հաջորդ տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը: Նախարարը ընդգծեց, որ շատ կարևոր է արագացնել Երրորդ տրանշի ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա Հյուսիս-հարավ 556 կմ ճանապարհի համար, որը ընդգրկում է Մեղրիից Աշոցք ճանապարհահատվածը, վերջնականապես ընտրել ճանապարհի ծրագիծը, կատարել տեխնիկատնտեսական հիմնավորում և ապահովել նախագծային աշխատանքների ամբողջական ավարտը:

«Մեզ համար այսօր շատ կարևոր են այդ ուսումնասիրությունները, քանի որ դրանք ամբողջ ծրագիրը առաջ տանելու գործիք են: Ծրագրի շրջանակներում մեզ հետ աշխատող բոլոր բանկերը պահանջում են նախագծային ամբողջ փաթեթը հետագա աշխատանքները կազմակերպելու համար»,- նշեց նախարարը:

Բհիմանտարա Վիդյաջալան ընդգծեց, որ իրենք նույնպես շահագրգիռ են բարձրացված խնդիրներին արագ լուծում տալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում