Թուրքիայում հակակառավարական ցույցերը նոր թափ են ստանում

Թուրքիայի մի քանի խոշոր քաղաքներում սեպտեմբերի 11-ի գիշերը շարունակվել է Հաթայում հակակառավարական բողոքը’ ցույցի ժամանակ 22-ամյա Ահմեդ Աթաքանի մահանալու կապակցությամբ: Բողոքի մասնակիցները պնդում են, որ երիտասարդի գլխին դիպել է ոստիկանների նետած արցունքաբեր գազով նռնակը, իսկ իշխանություններն էլ հայտարարում են, թե երիտասարդն ընկել է եռահարկ շենքից, երբ փորձում էր ոստիկանների վրա նետել արեւային մարտկոցը:

 Հաթայում Ահմեդ Աթաքանի թաղման արարողությունը վերածվել է բողոքի մեծ ցույցի: Թաղումից հետո թափորը շարժվել է Իստիքլալ պողոտա, սակայն իրավապահ մարմինները հերթական բողոքի ցույցը ցրել են մասնակիցների վրա արցունքաբեր գազ եւ ջրաշիթեր նետելու միջոցով:

Սեպտեմբերի 10-ի երեկոյան հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ’ բողոք հայտնելու թուրքական կառավարության վարած ներքին եւ արտաքին քաղաքականության դեմ: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ստամբուլում, Անկարայում, Էսքիշեհիրում, Բուրսայում, Դենիզլիում, Իզմիրում, Զոնգուլդաքում, Էսքիշեյիրում, Մերսինում:

Ստամբուլում ցուցարարները, որոնց ոստիկանությունը թույլ չի տվել մտնել Թաքսիմ հրապարակ եւ Գեզի այգի, պատնեշներ են սարքել փողոցներում եւ քարեր նետել ոստիկանների վրա: Հիշյալ բոլոր քաղաքներում ոստիկանները ցուցարարների նկատմամբ բռնաճնշումներ են գործադրել: Անկարայում ցուցարարների վրա ոստիկանների հարձակման հետեւանքով արցունքաբեր գազի նետված նռնակը դիպել է քաղաքացի Մելիհ Դալբուդաքի գլխին: Հիվանդանոց հասցված վիրավորը պետք է վիրահատության ենթարկվի: Ոստիկանության հետ բախումներում տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են:

Ստամբուլի Թաքսիմ հրապարակին կից Գեզի զբոսայգու բնապահպանական պահանջով մայիսի 31-ին սկսված եւ հետագայում Թուրքիայի ամբողջ տարածքով հակակառավարական բողոքի վերածված եւ մինչ այժմ շարունակվող ցույցերի ժամանակ ոստիկանության հետ մասնակիցների բախումներում արդեն 6 մարդ զոհվել է, հազարից ավելի մարդիկ էլ ձերբակալվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում