ԱՄՆ-ի կոնգրեսականը մտահոգված է Սիրիահայերի համար

Հայ դատի Մերիմաք Վալէյի հանձնախմբի ներկայացուցիչները ԱՄՆ Արևելյան ափի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Միշել Հակոբյանի ընկերակցությամբ սեպտեմբերի 9-ին հանդիպել են Մասաչուսեթսից ընտրված կոնգրեսական Նիկի Ցոնգասի հետ: Հանդիպմանը գլխավորապես քննարկվել են սիրիական ճգնաժամին և ռազմական հարձակման դեմ Հայ դատի հանձնախմբի դիրքորոշմանը վերաբերող հարցեր: Հայ դատի առաջնորդներն իրենց խորին մտահոգություններն են հայտնել այդ տարածաշրջանում առկա իրավիճակի, այնտեղ բնակվող սիրիահայերի, ինչպես նաև սիրիահայ գաղթականների ճակատագրի վերաբերյալ: ԱՄՆ կոնգրեսականը, համակարծիք լինելով հայ առաջնորդների հետ, խոստացել է նրանց իրազեկել Կոնգրեսում այս շաբաթ ընթացող զարգացումների մասին: «Կոնգրեսական Ցոնգասը միշտ ուշադիր է եղել մեր խնդիրների և Հայկական հարցի նկատմամբ: Մեզ ուրախացնում են հայկական շահերի ավելի ուժեղ պաշտպան դառնալու նրա ջանքերը, և այս հանդիպումը դրա վկայությունն էր»,- նշել է Հայ դատի ակտիվիստներից Արա Ճգնավորյանը:

Հանդիպմանը քննարկվել է նաև «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության մասին» բանաձևի ընդունման, արտաքին օգնությանը, Մասաչուսեթսի հայ համայնքի խնդիրներին առնչվող հարցեր: Ցոնգասը, ով ԱՄՆ Կոնգրեսի Զինված ուժերի հանձնաժողովի անդամ է, նախապես տեղեկացվել էր սիրիական ապստամբների թիրախի տակ հայտնված հայերի մասին’ նախքան հանձնաժողովի սեպտեմբերի 10 լսումները Սիրիայի հարցի շուրջ:

Նիկի Ցոնգասը ամերիկահայությանը մտահոգող հարցերի պատրաստակամ աջակիցներից է եղել, պարպերաբար այցելել է թե Կոնգրեսում, թե Մասաչուսեթսում կազմակերպված հայկական միջոցառումներին: Հայ դատի Մերիմենք հովտի հանձնախումբը նրան հրավիրել է ներկա գտնվել 2014 թվականի ապրիլին Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր հուշարձանի կանգնեցման արարողությանը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցչությունում ընգրկված էին Հայ դատի երկարամյա ակտիվիստներ Արա Ճգնավորյանը, Արամ Ճգնավորյանը, Թոմ Վարդապետյանը և Սթեֆըն Դուլգարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում