Սիրիայի քիմիական զենքը կարող է ոչնչացվել մինչեւ 2014-ի կեսերը

Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանի Դաշնությունը ձգտում են Սիրիայի քիմիական զինանոցը ոչնչացնել մինչեւ 2014 թվականի կեսերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Մեր նպատակն է աշխատանքներն ավարտել մինչեւ 2014-ի կեսերը»,- ասել է Քերին Ժնեւում հրավիրված ասուլիսին:

Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի օգտագործման մասին: Ըստ տարբեր աղբյուրների’ հարձակմանը զոհ է գնացել 600-1300 մարդ: Միջադեպից հետո Սիրիայի կառավարական ուժերը եւ ընդդիմադիրները ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին’ միմյանց մեղադրելով դրանում: Սիրիայի կառավարությունն օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը: Փորձագետները Սիրիան լքել են օգոստոսի 31-ին՝ իրենց հետ տանելով փորձ անմուշները: Նույն օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ռազմական հարվածներ կհասցնի Սիրիային, եթե Կոնգրեսից ստանա համաձայնություն: Մինչ Կոնգրեսը նիստ կգումարեր այդ հարցով, Մոսկվան սեպտեմբերի 9-ին առաջարկեց միջազգային հանրությանը փոխզիչման գալ եւ որպես խնդիրը խաղաղ հարթելու տարբերակ առաջարկեց Դամասկոսին քիմիական զենքը հանձնել միջազգային կազմակերպությունների վերահսկողության տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում