Այսօր պարզ կդառնա Սիրիայի քիմիական զենքի ճակատագիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ստացել է Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ փորձագետների զեկույցը եւ այն սեպտեմբերի 16-ին կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, տեղեկացնում է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությանը:

Փորձագետների հանձնախումբն օգոստոսին հետաքննություն է անցկացրել Գուտայում՝ Դամասկոսի արվարձանում, որտեղ օգոստոսի 21-ին, ինչպես ենթադրվում է, քիմիական զենք է կիրառվել: Զեկույցը պետք է հաստատի կամ հերքի դա:

«Սիրիայի Արաբական Հանրապետությունում քիմիական զենքի կիրառման պնդումների հետաքննության վերաբերյալ ՄԱԿ-ի առաքելության զեկույցը փոխանցվել է գլխավոր քարտուղարին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 16-ի առավոտյան (Երեւանի ժամանակով՝ երեկոյան) Պան Գի Մունը «ՄԱԿ-ի ԱԽ-ին փակ կոնսուլտացիաների ընթացքում կտեղեկացնի զեկույցի մասին», հաղորդում է մամուլի ծառայությունը:

Սպասվում է, որ ժամը 20:50-ին գլխավոր քարտուղարը լրագրողների հետ հանդիպում կունենա ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում, ինչպես նաեւ հետաքննության արդյունքների մասին կիրազեկի Գլխավոր ասամբլեային:

Զեկույցի տեքստը կհրապարակվի ՄԱԿ-ի զինաթափման հարցերի վարչության կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում