Համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել հայերին

Մոսկվայի Հայոց Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը ներկա է գնտվել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, ով եկեղեցու բացման կապակցությամբ շնորհավորել է Ռուսաստանի հայ համայնքին:

Նա իր ելույթում նշել է, որ նախկինում հայերը և քրիստոնեական այլ համայնքների ներկայացուցիչները Ռուսաստանի տարածքում ճնշումների են ենթարկվել: «Ռուսաստանի տարածքում կառուցված հայկական եկեղեցիները հաճախ են ավերածությունների ենթարկվել, և հիմա ես ցանկանում եմ շնորհավորել ռուսահայ համայնքին այս պատմական իրադարձության կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նրանց այն բանի համար, որ կարողացել են եկեղեցական այնպիսի համալիր ստեղծել, որը հնարավորություն կտա Մոսկվայի հայերին հավաքվել մի տ եղ և աղոթել»,- ընդգծել է նա:

Համայն Ռուսիո պատրիարքը նաև նշել է, որ եկեղեցիները չեն կառուցվում միայն ինչ-որ գեղեցիկ հուշարձան ունենալու համար: «Եկեղեցու կառուցումը մարդկության ապագային միտված քայլ է: Եկեղեցին կառուցվում է, որպեսզի մարդիկ հավաքվեն այնտեղ և աղոթեն, իսկ աղոթել նշանակում է, որ մարդն Աստծո օգնությամբ փորձում է ներքուստ աշխատել ինքն իր վրա, զարգացնել իր հոգևոր ներաշխարհը: Եթե այդպես չլիներ, հնարավոր է, որ այսօր քրիստոնեական քաղաքակրթությունից ոչինչ մնացած չլիներ: Աղոթքը հոգևոր ճանապարհով մեզ մոտեցնում է Աստծուն: Դրա միջոցով՝ հիմնվելով Աստծո ուժի վ րա՝ մենք փորձում ենք ինքներս մեզ փոխել դեպի լավը»,- պատգամել է Համայն Ռուսիո Պատրիարքը:

Նրա խոսքով՝ մեր օրերում հավատացյալները կանգնած են լուրջ մարտահրավերների առջև, քանի որ մարդկությունը թևակոխել է մի դարաշրջան, որտեղ անընդհատ հերքվում են Աստծո գաղափարները: «Եվ դա ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ փիլիսոփաներ Աստծո գոյությունը ժխտելու ինչ-որ նոր փիլիսոփայություն են մշակել, այլ այն պատճառով, որ ամբողջ քաղաքակրթությունն աշխատում է այն բանի համար, որպեսզի Աստված դադարի մարդկանց համար գլխավոր արժեք լինելուց: Այսօր մեզ այլ արժեքներ են առաջարկում՝ հարստություն, փող, հաճույքներ, իշխանություն: Եվ ի՞նչ է Աստված այս ամենի մեջ, ինչ տեղ է նա զբաղեցնում այս արժեքների մեջ: Մենք բոլորս պետք է համատեղ ուժերով ապացուցենք ինքներս մեզ և ամբողջ աշխարհին, որ Աստծո գաղափարը դեռ ողջ է, իսկ դա կարելի է անել միայն մեր հավատը ցույց տալով, միայն Աստծո աչքերի առջև մեր մեղքերը քավելով: Այդպիսով մենք դառնում ենք ուժեղ, իսկ մեր խոսքն՝ ավելի համոզիչ, ինչը ամրապնդվում է նաև մեր կատարած բարի գործերով»,- նշել է Համայն Ռուսիո Պատրիարքն՝ ընդգծելով, որ սխալվում են բոլոր նրանք, ովքեր 21-րդ դարը քրիստոնեական դարաշրջանի ավարտն են համարում: Նրա դիտարկմամբ’ Մոսկվայում հայկական եկեղեցու կառուցու մը հենց դրա վկայությունն է:

Համայն Ռուսիո պատրիարքն ընդգծել է, որ Հայաստանը և Ռուսաստանը հիանալի օրինակ են այն բանի, որ կրոնական արժեքները ազգերի կյանքից ոչ թե վերանում, այլ ավելի են ամրապնդվում: «Ես ռուսահայ համայնքին հոգևոր ծաղկունք եմ մաղթում, ցանկանում եմ, որպեսզի այդտեղ առավել ամրապնդվի հավատն առ Աստված եւ որ նրանք քրիստոնեական լավ օրինակ ծառայեն մյուսների համար»,- ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ Մոսկվայում հայկական եկեղեցու կառուցումն առավել կխորացնի երկու ազգերի հոգևոր կապերը և կնպաստի նրանց եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը: «Հայ Առաքելական Եկեղեցին և Ռուս Ուղղափառ Եկեղեցին հարյուրավոր տարիներ սերտորեն համագործակցել են, և ես վստահ եմ, որ Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցումն առավել կսերտացնի երկու եկեղեցիների փոխհամագործակցությունը և կնպաստի երկու ազգերի հոգևոր կապերի ամրապնդմանը, ինչն ավելի կարևոր է ցանկացած քաղաքական կամ տնտեսական կապերից»,- նշել է Համայն Ռուսիո Պատրիարքը:

Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մասնակցել են Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը:

Մայր Տաճարի օծման հանդիսավոր ծիսակատարությունը կատարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Արարողությանը ներկա է եղել և իր օրհնությունն է բերել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ներկա են եղել նաև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Ռուսաստանի պետական և հասարակական գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Հայաստանի և արտերկրի խոշորագույն թեմերի առաջնորդներ, Ռուսաստանի Դաշնության կրոնական հարանվանությունների առաջնորդներ, ներկայացուցիչներ և բարերարներ:

Մոսկվայի կենտրոնում ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառուցված հայկական եկեղեցական համալիրը, որի շինարարական աշխատանքներն սկսվել էին դեռևս 2006 թվականից, ընդգրկում է Մայր Տաճարը, Սուրբ Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, հանդիսությունների ու հյուրասիրությունների սրահները, թանգարանը: Եկեղեցական համալիրը կառուցված է բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը’ Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով և գոտևորված է խաչերով, զարդաքանդակներո վ ու մեսրոպատառ գրերով: Համալիրն իր ամբողջ տեսքով ու հարթաքանդակներով մոսկվացիներին և ՌԴ մայրաքաղաքի հյուրերին պատմում է հայ ժողովրդի մասին, ներկայացնում Հայոց պատմության դարակազմիկ էջերը’ գրերի գյուտ, քրիստոնեության ընդունում, հավատքի ու հայրենիքի համար մղված պայքար, Ոսկե դար և այլն: Զարդաքանդակներն ու պատկերաքանդակները ներդաշնակորեն համադրված են եկեղեցական համալիրով մեկ սփռված հայ քանդակագործության խորհրդանիշը դարձած բազմաթիվ խաչքարերի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում