Սփյուռքի հայ լոբբիստները հանդիպում ունեցան ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» թեմայով համաժողովի շրջանակներում Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչները սեպտեմբերի 20-ին մասնակցեցին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպում-քննարկմանը: Համաժողովի կազմակերպիչ ՀՀ սփյուռքի նախարարությունը, ի դեմս Հրանուշ Հակոբյանի, կարևորեց ՀՀ ազգային ան վտանգության խորհրդի գործունեությունը և դրա մեծ դերը սփյուռք-հայրենիք գործակցության զարգացման գործում: «Իր գործունեության հինգ տարվա ընթացքում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի կողմից մշակվեցին խիստ կարևոր փաստաթղթեր, որոնք միտված են երկրի ազգային անվտանգության խնդիրների լուծմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Հրանուշ Հակոբյանը: Արթուր Բաղդասարյանն իր հերթին ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարության նշանակալի ավանդը նմանատիպ քննարկումների կազմակերպման գործում: «Կարևոր է ՀՀ սփյուռքի նախարարության դերը հայ ժողովրդին հուզող կենսական խնդիրների լուծմանը սփյուռքի մեր հայրենակիցներին լիարժեք ներգրավելու, հայապահպանությանը, արդի աշխարհում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը համատեղ ուժերով լծվելու նախաձեռնության մեջ»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:

Սեպտեմբերի 19-21-ը Երևանում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է Հայկական հիիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողով’ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» թեմայով:

Համաժողովին մասնակցում են հայկական հիիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչներ Սփյուռքից, ՀՀ-ից և ԼՂՀ-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում