Քուվեյթի դեսպանը խոստանում է նպաստել «Նոր Հալեպ» ծրագրի իրականացմանը

Քուվեյթի կառավարությունը 100 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին’ Հայաստանում բնակվող սիրիահայերի համար իրականացվող դպրոցական եւ կրթական այլ ծրագրերին աջակցելու նպատակով: Դրա վերաբերյալ պայմանագիրը ստորագրվեց սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հայ-քուվեյթական հարաբերությունների դինամիկ զարգացումն ո ւ երկու երկրների միջև ակտիվ համագործակցությունը: «Մեր աշխատաքնները ավելի սերտացան, երբ սկսվեց սիրիական ճգնաժամը: Սիրիահայությանը և հայ հասարակությանը հայտնի է, որ Քուվեյթի կառավարությունը անցյալ տարվա դեկտեմբերին 100 հազար դոլար նվիրեց մեր հայրենակիցներին’ ցանկություն հայտնելով գումարն ուղղել նրանց սննդամթերքով ապահովմանը: Արդեն երկրորդ անգամ Քուվեյթը նվիրաբերում է 100 հազար դոլար կամ 40 միլիոն 586 հազար դրամ’ այս անգամ արդեն սիրիահայերի կրթական ծրագրերին աջակցելու համար: Նախարարությունը հետևելու է ծրագրի իրականացմանն ու կատարելու է վերահսկող ֆունկցիա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին, շնորհակալություն հայտնելով Հրանուշ Հակոբյանին ջերմ ընդունելության և երկկողմ հարաբերություններում շահագրգռվածության համար, շեշտեց, որ իրեն զգում է ինչպես տանը: «Մենք ուրախ ենք, որ կրկին կարողացանք օժանդակություն բերել, բնականաբար, Քուվեյթի էմիրը շատ կուրախանա, երբ իմանա, որ օգնությունը հասավ Հայաստան և ծառայեց իր նպատակին: Արդեն երկրորդ օգնությունն է, որ Քուվեթը ցուցաբերում է սիրիահայերին, և դա կլինի ոչ վերջինը: Կա ապագա ծրագիր’ կապված «Նոր Հալեպ» նախագծի (սիրիահայերի համար բազմաբնակարան շենքերի եւ առանձնատների կառուցում- խմբ.) հետ. վստահ եմ, որ Քուվեյթն առաջին երկիրը կլինի, որ կնպաստի ծրագրի իրականացմանը»,- ասաց դեսպանը:

Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ. հուլիսին: Հայաստանում Քուվեյթի դեսպանատունը բացվել է 2011 թվականին:

Սիրիական ճգնաժամի հետեւանքով Հայաստանում հաստատվել են շուրջ 10 հազար սիրիահայեր, ովքեր բնակարանային և աշխատանքի հարցերով մշտապես կապի մեջ են ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Վերջին մի քանի շաբաթներին հոսքը մի փոքր ակտիվացել է. նրանք Հայաստան են գալիս ոչ թե Սիրիայից, այլ Լիբանանից, որտեղ հաստատվել էին ավելի վաղ, իսկ ներկայում փակ են Սիրիայից դուրս գալու բոլոր ճանապարհները: Մեկուկես տարվա ընթացքում 15 հազար սիրիահայ է եկել Հայաստան, նրանցից ավելի քան 5 հազարը վերադարձել է Սիրիա, իսկ մի չնչին մասը’ Եվրոպա: Աշխատանքի խնդրանքով Սփյուռքի նախարարություն է դիմել մոտ 1000 սիրիահայ, որոնք բոլորն էլ ապահովվել են աշխատանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում