The Washington Post-ը կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին մնացել է ընդամենը 550 օր: Սպասել,որ այդ օրերի ընթացքում մենք կկարողանանք լսելի դարձնել մեր հարյուրամյա խլացած ձայնը, այնքան էլ հավանական չէ: Սակայն ճանաչման և հատուցում պահանջելու համար մեր պայքարը չպետք է դադարի և ոչ մի վայրկյան, քանի որ այդ պայքարը տալիս է իր արդյունքները:

Որքան մոտենում է մեզ համար եղեռնական տարեթիվը, այնքան միջազգային մամուլում հաճախանում են Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա հետևանքներին նվիրված հրապարակումները: Այս համատեքստում հատկապես աչքի է ընկնում The Washinghton Post պարբերականը, որտեղ շաբաթվա ընթացքում լինում է այս թեմային նվիրված որևէ հրապարակում:

Հոկտեմբերի 21–ին Ֆիլիպ Քենիքոթը «Սպիտակ տանը պահվում է հայկական «որբերի գորգը»՝ այնպես անտեսված, ինչպես ցեղասպանությունը» խորագրի ներքո անդրադարձել է հայ որբերի պատմությանը:

«Գորգը գործել են հայ որբերը՝ անցած դարի 20-ական թվականներին, ինչից հետո՝ 1925թ., այն որպես նվեր հանձնվել է Սպիտակ տանը։ Լուսանկարում երևում է, թե ինչպես է ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջը կանգնած գորգի վրա, որը թեև ստեղծվել է դեռահաս որբերի ջանքերով, այնուհանդերձ ունի շատ բարդ, մանրակրկիտ ու հարուստ զարդանախշեր, որոնք իրենց ուրույն տեղը կունենան անգամ ամենամեծ ու ամենաշքեղ դահլիճներում։

Դատելով գորգի վրայի պատկերներից՝ կարելի է տեսնել, որ դրա վրա ներկայացված են տեսարաններ Եդեմական պարտեզից և, դժվար է պատկերացնել, որ այսպիսի ներդաշնակ բովանդակությամբ գորգն իրականում գործվել է 1915թ. սարսափելի իրադարձությունների ֆոնին, երբ Օսմանյան կայսրությունը սկսել է հայերի դեմ իր արյունալի արշավը»,- նշում է Քենինգթոնն ‘անդրադառնալով ողբերգական իրադարձության մանրմասներին:

Ցեղասպանության հետևանքով որբացած 100 հազարներին օգնության ձեռք է մեկնել ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպությունը, որի ջանքերով հայ որբ աղջիկները Լիբանանի Ղազիր քաղաքում են բնակեցվել։ Որոշ ժամանակ անց նրանք գործել են վերոհիշյալ գորգն ու նվիրել Սպիտակ տանը։

«Նախատեսվում էր այս տարվա դեկտեմբերի 16-ին գորգը, որը մոտ 20 տարի Սպիտակ տան պահեստում է, ցուցադրության հանել հեղինակավոր Սմիթսոնյան թանգարանում։ Սակայն սեպտեմբերի 12-ին թանգարանի ներկայացուցիչը չեղյալ է հայտարարել այդ որոշումը՝ պատճառաբանելով, որ Սպիտակ տունը չի ցանկանում տրամադրել գորգը: Սմիթսոնյան թանգարանի Ասիական մշակութային պատմական ծրագրի տնօրեն Փոլ Մայքլ Թեյլորը ԱՄՆ-ում գործող 2 հայկական կազմակերպություններին՝ «Հայկական մշակութային հիմնադրամին» և «Հայկական կարպետների միությանն» ուղղված նամակում նշել է, որ Սպիտակ տունը որևէ պատճառաբանություն չի ներկայացրել իր մերժման համար։

Հեղինակի հավաստմամբ’ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գործադրած ջանքերը ևս արդյունք չեն տվել։ Թեյլորը նշել է, որ այս շաբաթ ինքը կրկին խոսել է Սպիտակ տան ներկայացուցչի հետ՝ պարզելու համար, թե երբ հնարավոր կլինի ցուցադրության հանել գորգը, սակայն նա պատասխան չի տվել։ Հեղինակը եզրակացնում է, որ հայկական գորգն այդպես էլ ցուցադրության չի հանվի, ինչը Օբամայի վարչակազմի կողմից ևս մի ապտակ էր ԱՄՆ-ի հայ համայնքին:

Քենիքոթն անդրադառնում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանին, ով իր հերթին նշել է, որ «նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հայկական համայնքը հիասթափվել է Օբամայից, քանի որ վերջինս թեկնածու եղած ժամանակ կասկածի տակ չի դրել ցեղասպանության փաստը, սակայն ընտրվելուց հետո երբևէ չի արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը»։

Հեղինակը նշում է, որ «այն Սպիտակ տան պահեստից հանվել է 1995թ. և ըստ տարբեր աղբյուրների՝ այն շատ լավ է պահպանվել»։
Հոդվածը հեղինակն ամփոփում է լավատեսությամբ’նշելով , որ հավատում է հրաշքներին և նրան, որ «որբերի գորգը» մի օր անպայման կցուցադրվի»։

Հոդվածի բնօրինակը կարող եք կարդալ այստեղ:

Աննա Բարսեղյան

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում