Քարվաճառի աղբահանության խնդիրը լուծում է ստանում

Ի թիվս մի շարք այլ կենցաղային խնդիրների, Արցախի Քարվաճառ քաղաքի բնակիչները տարիներ շարունակ բախվել են աղբահանության խնդրին: Ավելի ճիշտ կլինի ասել, աղբահանության բացականության խնդրին: Կարելի է ասել’ քաղաքում աղբահանություն չի իրականացվում եւ աղբանաններ էլ գոյություն չունեն: Որքան էլ տարօրինակ ու անհասկանալի հնչի, այստեղ մարդիկ աղբը թափում են այնտեղ, որտեղ պատահի: Որոշ մարդիկ մեծ փոսեր են փորում, որոնք լցվելուց հետո դրանք ծածկում են հողով, իսկ ոմանք այդ էլ չեն անում, պարզապես քաղաքի ավերակների մեջ են նետում աղբը:

Հատկապես ծանր է Քարվաճառի միակ բազմաբնակարանային շենքի բնակիչների վիճակը: Չնայած հայտարարված է, որ շաբաթը մեկ անգամ շենքին է մոտենում աղբատար մեքենա, բնակիչներն ասում են, որ մեկ շաբաթ չեն կարող աղբը տանը հավաքել, եւ չորս հարկանի շենքի բոլոր բնակիչներն աղբը նետում են շենքի բակի հարակից տարածք, եւ տարիներով կուտակված աղբն անհնար է դարձնում շենքի բակում նստելը: Բակում երեխաների համար կարուսելներ կան, սակայն շատ ծնողներ խուսափում են երեխաներին բակ թողնել, քանի որ, ըստ ծնողների, հետո նրանց հագուստից այդ աղբի հոտն է գալիս:

Քարվաճառի աղբահանության խնդիրը շատ է քննարկվել տարբեր հանդիպումների ժամանակ, սա այն հարցն է, որ միշտ բարձրացվում է: Բնականաբար, խնդրին քաջատեղյակ են նաեւ տեղական իշխանություններն ու լուծում են փնտրում: Մեզ հետ զրույցում Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը տեղեկացրեց, որ քաղաքն արդեն Արցախի կառավարությունից նվեր է ստացել 15 աղբարկղ, յուրաքանչյուրը’ մոտավորապես մեկ խորանարդ մետր տարողությամբ:

«Այժմ դրանց տեղադրման համար գումար է անհրաժեշտ: Տարածքները պետք է առանձնացնենք եւ ցանկապատենք: Այնպես պետք է սարքենք, որ աղբը աղբամանի կողքերին չթափվի: Քանի որ քաղաքապետարանը պետական դոտացիայով գոյատեւող հիմնարկ է, մեր մուտքերը բավարար չեն մեր ծախսերը հոգալու համար, մենք սպասում ենք, որպեսզի պետությունը ֆինանսավորի աղբամանների տեղադրման ծախսերը», նշեց պարոն Այդինյանը:

Ըստ քաղաքապետի, քանի որ Քարվաճառ քաղաքը ձգվում է երկարությամբ, պետք է այնպես հաշվարկել աղբամանների տեղերը, որպեսզի ոչ մի բնակիչ ստիպված չլինի մի քանի հարյուր մետր իր հետ տանել աղբը’ աղբամանին հասնելու համար:

«15 աղբամանը Քարվաճառին բավական չեն, մենք տեղ կպատրաստենք 22 աղբամանի համար, եղած 15-ը կտեղադրենք, մինչեւ որ մյուսներն էլ կլրացնենք», ասաց քաղաքապետը:
Աղբամաններ տեղադրելուց հետո արդեն անհրաժետ կլինի նաեւ աղբատար մեքենա: Իսկ դրա համար, բնականաբար, բնակչությունից գումար կգանձվի: Քաղաքապետի խոսքով, ինքը սակագների մասին դեռեւս որեւէ կոնկրետ բան ասել չի կարող, սակայն միգուցե եւ գանձվող գումարն ավելի քիչ լինի, քան Արցախի այլ բնակավայրերում: «Միեւնույնն է, ծառայությունը պետք է դոտացիայով աշխատի, ամեն դեպքում, մեր մուտքերը բավարար չեն լինելու սպասարկման համար»: Իսկ թե երբ ֆինանսավորում կլինի աղբամանների տեղադրման համար, քաղաքապետն ասել չի կարող. դա կախված է պետական բյուջեից:

Նշենք, որ մասնավոր զրույցներում շատ քաղաքացիներ են ասել, որ պատրաստ են վճարել, միայն թե քաղաքում պատշաճ կերպով աղբահանություն իրականացվի:

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում