Թուրքիայում մի շարք շենքեր կառուցվել են հայկական եկեղեցիների քարերով

Ներկայիս Թուրքիայի տարածքում ավերված հայկական եկեղեցիների և վանքերի ուսումնասիրությամբ զբաղվող Հայ ճարտարապետների եւ ինժեներների համերաշխության միությունը (ՀԱՅՃԱՐ) հաստատել է, որ Արեւմտյան Հայաստանի քաղաքներում ու գյուղերում եկեղեցիների խաչքարերը, հայատառ փորագրություններով քարերը, պարզապես հղկված քարերն օգտագործվել են հասարակական շենքերի եւ բնակելի տների կառուցման համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Սաբահ» թերթի հետ զրույցում ՀԱՅՃԱՐ-ի ղեկավար Նազարեթ Բինալչին հայտնել է, որ անցյալ ամիս պատմական Հայաստանի, մասնավորապես Մուշի շրջանում կատարած ուսումնասիրությունների արդյունքում իրենց արշավախումբը պարզել է, որ Սուրբ Կարապետ, Սուրբ Մարիամ (ժողովրդի մեջ հայտնի է Կարմիր վանք անունով) վանական համալիրները գանձ գտնելու հույսով ավերվել են եւ քարերը’ գողացվել: Նա պատմել է, որ այդ պատմական համալիրներից միայն մի քանի մասունքն եր են մնացել:

Արշավախմբի անդամ Զաքարիա Միլդանօղլուն ասել է, որ Մուշից 30 կմ հեռավորությամբ գտնվող Սուլուջա գյուղում Սուրբ Մարիամ մայր տաճարի ուսումնասիրության ժամանակ իրենց մոտեցել է տարեց մի գյուղացի եւ ասել, որ 1950-ական թվականներին կառուցված հասարակական նշանակության շենքերի, ինչպես նաեւ Մուշի արդարադատության հիմնարկի շենքի շինարարության համար օգտագործվել են Սուրբ Մարիամ տաճարի քարերը: Միլդանօղլուն նշել է, որ իրենք ստուգել են թուրք գյուղացու պատմածը, ինչի արդյունքում պարզվել է, որ Մուշի արդարադատության հիմնարկի շենքն իսկապես կառուցվել է Սուրբ Մարիամ եկեղեցու քարերով: Թուրքահայ ճարտարապետը նշել է, որ Մուշի շրջանում գտնվող բազմաթիվ կանգուն եկեղեցիներ 1915 թ.-ից հետո այսօր եւս օգտագործվում են որպես ախոռ, մարագ, պահեստ, իսկ հայկական գերեզմանաքարերը ցաք ու ցրիվ են արվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում