Ավարտվեց ԵԽ նախարարների կոմիտեի ՀՀ նախագահությունը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 14-ին Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շփինդելեգերին է հանձնել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

ԵԽ պաշտոնական կայքի համաձայն’ Ստրասբուրգում նախարարների կոմիտեի հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի նախագահության ընթացքում արված աշխատանքների արդյունքները, ապա Ավստրիայի նախագահության առաջնահերթությունների մասին ելույթով հանդես է եկել Միխայել Շփինդելեգերինը:

Հայաստանը ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնել էր այս տարվա մայիսի 16-ին’ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստի ժամանակ, որին մասնակցել են ԵԽ 47 անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես եկել Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ ծավալուն ելույթով’ նշելով, որ «Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո առաջին անգամ Նախարարների կոմիտեի նախագահության ստանձնումը լավ հնարավորություն, մարտահրավեր և մեծ պատասխանատվություն է»:

Ավստրիայից հետո ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը կստանձնի Ադրբեջանը, ապա’ Բելգիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում