ԱՄՆ պետքարտուղարը զրույցել է Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգները, ներգրավված լինելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, շարունակելու է ջանքեր գործադրել կարգավորման գործընթացն առաջ մղելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վաշինգտոնում Թուրքիայի արտգործանախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«Ես խոսել եմ նախագահ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ վերջին 48 կամ, կարծում եմ, 72 ժամվա ընթացքում, ինչևէ, նրանք մոտ ժամանակներս կհանդիպեն: Մենք կոչ ենք անում առաջ տանել գործընթացը, և մենք կշարունակենք ներգրավված լինել այս հարցում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Քերին: Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ` Դավութօղլուն վստահություն է հայտնել, որ Ղարաբաղի հիմնախնդիրը կարճ ժամանակում լուծելու պարագայում տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի:

«Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղի նման սառեցված հակամարտությունը կարճ ժամանակում կլուծվի, և դրանով իսկ կովկասյան տարածաշրջանում կայունություն կհաստատվի»,- հայտարարել է Դավութօղլուն` ընդգծելով, որ թե’ Թուրքիան, թե’ ԱՄՆ-ն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը մոտենում են միևնույն կետից: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Սիրիայի, Իրաքի իրադրությունը, անդրադարձ է կատարվել թուրք-ամերիկյան հարաբերություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում