Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային Ջանահ շրջանում նոյեմբերի 19-ին ուժգին պայթյուններ են որոտացել: Նախնական տեղեկություններով’ 10 մարդ է զոհվել, այդ թվում մեկ կին, ավելի քան 50-ը վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյուններից մեկը որոտացել է Ջանահ շրջանում գտնվող Իրանի դեսպ անատան մերձակայքում: Լիբանանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախնական տեղեկություններով’ առաջին պայթյունը իրականացրել է մահապարտ-ահաբեկիչն իրեն ամրացված պայթուցիկ սարքը գործի դնելով, իսկ երկրորդ պայթյունը իրականացրել է մեքենան վարող ևս մեկ մահապարտ-ահաբեկիչ:

Լիբանանում վերջին շրջանում լարված իրավիճակ է հյուսիսային Տրիպոլի քաղաքում, մասնավորապես’ Ջաբալ Մահսեն և Բաբ աթ Թաբաննա թաղամասերում: Երկու թաղամասերում տեղի ունեցած բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրից ավելին՝ վիրավորվել: Բախումները տեղի էին ունեցել թաղամասերում բնակվող Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում