Անկարան «կոմպրոմատային» հարձակում է սկսել Ալիեւի դեմ. «Ազադլըգ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անցյալ շաբաթ Թուրքիա կատարած այցից անմիջապես հետո թուրքական հեղինակավոր «Հուրիեթ» թերթը Ալիեւի ընտանիքի հետ կապված «Ժամանակակից Էվիտաները. Մեհրիբան Ալիեւան եւ դուստրերը» վերտառությամբ մերկացնող հոդված է հրապարակել (Էվիտա’ Մարիա Եվա Դուարե դե Պերոն, Արգենտինայի բռնապետ Խուան Պերոնի կինը): «Հուրիեթ»-ը Մեհրիբան Ալիեւային եւ նրա դուստրերին «Կասպիցի սուլթաններ» է անվանել:

Թերթը նշել է, որ Բաքվում գործող «Tifani», «Gucci», «Bottega Veneta», «Dior», «Burberri» եւ դրանց նման բրենդային խանութները սսպասարկում են նրանց, եւ որ իշխող ընտանիքը Դուբայում 75 մլն դոլար արժողությամբ վիլլաներ եւ Վիրջինյան կղզիներում բազմաթիվ ընկերություններ ունի:

Անդրադառնալով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում նոր զարգացումներին, «Ազադլըգ» թերթը նշել է, որ Թուրքիայի քաղաքական շրջանակներին իր մոտ հարաբերություններով հայտնի թերթում Իլհամ Ալիեւի ընտանիքի մասին նման նյութի հրապարակումը չի կարող շարքային դեպք համարվել: «Նման նյութեր բարեկամական թուրքական մամուլում չեն հայտնվել անգամ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմանի հարաբերություններում լարվածության առկայության ժամակաշրջանում», -գրել է թերթը:

Թերթի տվյալներով’ Բաքուն եւ Անկարան ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել երկու պետությունների միջեւ վիզային ռեժիմը վերացնելու եւ հայ-թուրքական սահմանը բացելու հարցերում: Բաքուն Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը պարզեցնելու հարցը հետաձգում է տարբեր դրդապատճառներով: Անկարա կատարած այցին Ալիեւն այդ հարցը կապել է «տեխնիկական խնդիրների» հետ:

«Այն դեպքում, երբ Թուրքիային չի հաջողվում Ադրբեջանի հետ անցնել պարզեցված վիզային ռեժիմի, Եվրամիությունն այս օրերին հայտարարեց, որ հնարավոր է Ադրբեջանի հետ անցնեն պարզեցված վիզային համակարգի: Սա, հնարավոր է, խիստ զայրացրել է Թուրքիային: Բացի դրանից, ըստ վերլուծաբանների’ Իրանի կողմից Ադրբեջանի հետ սահմանները փակելու հիմքում էլ է այդ հարցը կանգնած», -նշել է թերթը:

Թերթը գրում է, որ ինչ վերաբերում է Հայաստանի հետ սահմանի բացմանը, Թուրքիան ցանկանում է այդ հարցը լուծել մոտակա ժամանակում: «Եթե նախկինում Թուրքիան միանշանակ այդ հարցը կապում էր Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ, ապա այժմ այդ հարցում խնդիր չի տեսնում եւ հայտարարում է, որ պատրաստ է բացել սահմանը, բայց ուզում է, որ ստանա նաեւ Ադրբեջանի համաձայնությունը: Մի խոսքով, պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա», -գրում է թերթը:

Նաեւ նշվում է, որ չնայած Թուրքիան լավ ընդունեց Ալիեւին, սակայն, Բաքվի եւ Անկարայի միջեւ դեռեւս չլուծված հարցեր կան: «Թուրքիայի հետ փոխհարաբերություններում պաշտպանելով միայն իշխող կլանի շահերը’ Իլհամ Ալիեւը ավելի է խորացնում խնդիրը: Երեւում է’ Թուրքիայի համբերությունը հատելու վրա է, եւ Անկարան «կոմպրոմատային» հարձակում է սկսել Իլհամ Ալիեւի դեմ», -գրում է «Ազադլըգ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում