Թուրքական մամուլը դրականորեն է անդրադարձել Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը

Թուրքական մամուլը դրականորեն է անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը Վիեննայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպումը, մասնավորապես, դրական շեշտադրություններով են ներկայացրել թուրքական հեղինակավոր «Միլիեթ» եւ «Սաբահ» թերթերը:

«Միլիեթ»-ը Վիեննայում կայացած հանդիպումը գնահատել է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից «խաղաղության հասնելու ճանապարհին կատարված կարեւոր քայլ»:

«Սաբահ» պարբերականն ընդգծել է, որ «այս անգամ երկու նախագահների հանդիպումը փաստորեն ավարտվել է ընդհանուր հայտարարի գալու հաշտությամբ»: Թերթը Վիեննայում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպումը «պատմական» է բնութագրել:

Թուրքական մամուլում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վիեննայում հանդիպման վերաբերյալ, որին մասնակցել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս եւ ֆրանսիացի համանախագահները, փորձագիտական եւ վերլուծական հոդվածներ դեռեւս չկան:

Նոյեմբերի 19-ին շուրջ երկամյա դադարից հետո Վիեննայում 18-րդ անգամ հանդիպել են Հայաստանի ե Ադրբեջանի նախագահները: Հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բանակցություններն ընթացել են նորմալ: Կողմերը հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին շարունակել բանակցությունները, իսկ համանախագահները հայտարարել են, որ դեկտեմբերին կրկին կայցելեն տարածաշրջան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում