Եվրամիությունը «հիասթափված է» ասոցիացման համաձայնագրի վերաբերյալ Ուկրաինայի որոշումից

Եվրամիությունը հիասթափություն է հայտնում ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրի կնքման նախապատրաստումը կասեցնելու Ուկրաինայի որոշման կապակցությամբ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: «Դա ոչ միայն Եվրամիության, այլեւ, ինչպես մենք ենք ենթադրում, ուկրաինական ժողովրդի հիասթափությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Ուկրաինայի կառավարությունը նոյեմբերի 21-ին կարգադրել է կասեցնել Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի կնքմանը նախապատրաստվելու գործընթացը: Նախարարների կաբինետը դա հիմնավորել է Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությամբ:

«Այն առավել հավակնոտ համաձայնագրի ստորագրումը, որը ԵՄ-ն երբեւիցե առաջարկել է իր սահմաններից դուրս գտնվող երկրի, պետք է հետագայում էլ ամրապնդեր Ուկրաինայի բարեփոխումների քաղաքականությունը եւ ազդանշան ուղարկեր ամբողջ աշխարհի ներդրողներին, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպություններին այն մասին, որ Ուկրաինան լրջորեն է վերաբերվում իր արդիականացմանը եւ դառնում է միջազգային շուկաների կանխատեսելի եւ հուսալի զրուցակիցը»,- հայտարարել է Էշթոնը:

«Մենք հավատում ենք, որ Ուկրաինայի ապագան Եվրամիության հետ ամուր հարաբերությունների մեջ է: Մենք նաեւ հավատարիմ ենք մնում Ուկրաինայի ժողովրդի հանդեպ մեր պարտավորություններին»,- հավելել է նա:

Եվրախորհրդարանի առաքելության ներկայցուցիչներ Փեթ Քոքսը եւ Ալեքսանդր Կվասնեւսկին նույնպես խորը հիասափություն են հայտնել Ուկրաինայի կառավարության որոշման կապակցությամբ: Այդ մասին ասված է ԶԼՄ-ների համար տարածվաած նրանց հայտարարության մեջ: «Մեր առաքելության 27-րդ այցի ավարտին մենք խորը հիասթափություն ենք հայտնում Ասոցիացման մասին համաձայնագրի ստորագրումը հետաձգելու Ուկրաինայի կառավարության միակողմանի որոշումից»,- ասված է փաստաթղթում:

«Եվրամիությունը հսկայական ջանքեր է գործադրել վերջին 18 ամսվա ընթացքում Ուկրաինայի հետ համագործակցելու համար: Թայմ-աութը զերծ չէ ակնհայտ լուրջ ռիսկերից եւ, ամենայն հավանականությամբ, բավական երկար կձգվի, իսկ գործընթացը, եթե այն երբեւիցե վերականգնվի, բարդություններ կունենա այսօրվա որոշման պատճառով»,- հայտարարել են Քոքսը եւ Կվասնեւսկին:

ԱՄՆ-ը եւս հիասթափված է Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի կնքման նախապատրաստումը կասեցնելու Ուկրաինայի իշխանությունների որոշումից: «ԱՄՆ-ը միանում է Եվրամիությանը ասոցիացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը հետաձգելու Ուկրաինայի կառավարության որոշումից նրա հիասթափության հարցում»,- ասված է պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Վաշինգտոնն առաջարկել է Եվրամիությանը «դուռը բաց պահել Ուկրաինայի համար եւ նշել, որ ԵՄ-ն «պատմական հնարավորություն» է առաջարկել Կիեւին»:

Ուկրաինայի կառավարությունից դժգոհ քաղաքացիները նոյեմբերի լույս 22-ի գիշերը հավաքվել են Կիեւի Մայդանում: Ինչպես հաղորդել է «Ուկրաինսկայա պրավդա» ինտերնետ-հրատարակությունը, կենտրոնական հրապարակ է եկել շուրջ 1,5 հազար մարդ, նրանց թվաքանակն աճում է:

Մայդանում հավաքված ակտիցիստներին աջակցելու են եկել ընդդիմադիր քաղաքական գործիչները, այդ թվում՝ «Բատկիվշինա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենուկը, «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, «Ազատություն» ազգայնական կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը եւ ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում