Ադրբեջանի կառավարությունը հայտնվել է անելանելի վիճակում. faktxeber.com

Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո կառավարությունն արտաքին քաղաքականության հարցում հայտնվել է լուրջ խնդիրների առջեւ: Էներգետիկայի բնագավառում ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ Եվրոպային տված արտոնություններին հակառակ’ պաշտոնական Բաքուն չկարողացավ ստանալ սպասվող արդյունքը: ԱՄՆ-ը եւ Եվրոպան միջազգային մակարդակում խայտառակ արեցին Ադրբեջանի կառավարությանը: Ռուսաստանն էլ, մեծացնելով իր տարածքում գտնվող ադրբեջանցիների նկատմամբ ճնշումները, զգուշացրեց Ղարաբաղում պատերազմ չսկսելու մասին: Անելանելի վիճակում հայտնված Ադրբեջանի կառավարությունը ստիպված եղավ կրկին հայացքը պարզել Թուրքիային:

Ադրբեջանի առաջնորդի Անկարա կատարած այցից մեկ օր հետո Թուրքիայի արտգործանախարար Ահմեդ Դավութօղլուն շվեյցարացի իր գործընկերոջից խնդրեց մեծացնել ջանքերը Հայաստանի հետ Թուրքիայի միջեւ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է faktxeber.com լրատվական կայքը:«Այս բոլորը ցույց են տալիս, որ Ադրբեջանի կառավարության արտաքին քաղաքականությունը բավական ողբալի վիճակում է, իսկ Իլհամ Ալիեւի Թուրքիա կատարած այցը պետք է գնահատել որպես անելանելի վիճակ»,- գրում է կայքը:

Ադրբեջանական կայքը նշում է, որ Բաքուն կորցրել է նաեւ արեւմտյան պետությունների եւ միջազգային հրեական լոբբինգի ուշադրությունն իր կողմը գրավելու իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության խաղաքարտը հակաիրանական քաղաքականության հարցում: Ըստ կայքի’ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ արդեն Իրանն էլ է հոգնել Ադրբեջանի կողմից իրանական խաղաքարտի չարաշահումից եւ այդ երկրի դեմ տարվող քարոզչությունից: Կայքը նշում է նաեւ, որ 2 օրով փակելով Ջուլֆայի եւ Բիլյասուվարի սահմանային անցակետերը, Իրանի կառավարությունը Ադրբեջանի իշխանությանը հասկացրեց, որ Թեհրանն այլեւս մտադիր չէ հանդուրժողական քաղաքականություն տանել:

«Հաշվի առնելով այս բոլորը, կարող ենք ասել, որ Ադրբեջանի ներկայիս իշխանության ամբողջ քաղաքականությունը ձախողման է ենթարկվել: Ժամանակը ցույց կտա, թե հասարակական բազա չունեցող կառավարությունն ինչքան կկարողանա գոյատեւել այս վիճակում»,- գրում է faktxeber.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում