Թուրքիայի հայերը մայրենի լեզվով ավարտական քննություն են պահանջում

Թուրքիայի հայկական և հունական ազգային փոքրամասնությունների դպրոցները կրթության նախարարությունից պահանջում են դպրոցական ավարտական քննությունները դարձնել իրենց մայրենի լեզվով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Դպրոցների ներկայացուցիչները նշել են, որ հայ և հույն երեխաներն իրենց դպրոցներում որոշ առարկաներ, ինչպես օրինակ, մաթեմատիկան, բնագիտական առարակաները, անցնում են հայերեն և հունարեն: Նրանք կրթության նախարարությանը խնդրել են լուծում տալ այս իրավիճակին և իրենց դպրոցներում սովորողների համար 6 առարկայից հանձնվող ընդհանուր քննությունները դարձնել մայրենի լեզվով: Թուրքիայի ազգային կրթության նախարարությունից հայտնել են, որ այս տարի նման փոփոխություններ ավարտական քննությունների ժամանակ հնարավոր չէ, սակայն գալիք տարիներին հնարավոր է վերանայել մայրենի լեզվով քննություն հանձնելու հնարավորությունը:

Միաժամանակ, փոքրամասնությունների դպրոցների ներկայացուցիչները, հայտնելով իրենց նյութական սուղ միջոցների և առկա ֆինանսական խնդիրների մասին, խնդրել են, որպեսզի կրթության նախարարությունը որոշակի գումար հատկացնի իրենց: Սակայն նախարարության ներկայացուցիչները չեն բավարարել նրանց խնդրանքը’ ասելով, որ այս պահին գումարային հատկացում դպրոցներին չեն կարող անել:

Ստամբուլում ազգային փոքրամասնություններին պատկանող 22 դպրոցում սովորում են մոտ 3 հազար հայ և 350 հույն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում