Իրանի նախագահ Ռոհանին կայցելի Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Twitter-ի իր էջում հայտնել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 17-ին կայցելի Թուրքիա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

Դավութօղլուն Իրան կատարած այցից հետո, որտեղ նրան ընդունել էր նաեւ նախագահ Ռոհանին, Twitter-ում գրառել է, որ Իրանի նախագահը Թուրքիա է ժամանելու Շեբ-ի Արուս կրոնական տոնակատարությանը մասնակցելու համար:

Նշելով, որ Իրանում հանդիպումներ է ունեցել նաեւ արտգործնախարար Մուհամեդ Ջեւադ Զարիֆի, խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ, Դավութօղլուն նաեւ գրառել է, որ հավատում է’ միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից հետո թուրք-իրանական տնտեսական հարաբերությունները կզարգանան:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է 2014 թ. հունվարին այցելել Իրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում