Ռուսաստանը ճնշումներ կգործադրի Մոլդովայի վրա հաջորդ տարի.Ալեքսանդր Իսկանդարյան

Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո ոչ Քրիստոսի ծնունդն է լինելու, ոչ էլ համաշխարհային պատմության մեջ ճակատագրական փոփոխություններ են տեղի ունենալու: Եվրոպայում հասկանում են, որ Արևելյան գործընկերության ծրագիրը ձախողվել է, և պատճառը ոչ թե Հայաստանն է, այլ’ Ուկրաինան: Վրաստանն ու Մոլդովան կնախաստորագրեն ասոցացման համաձայնագիրը, սակայն դա այն չէ, ինչ ակնկալում էր Եվրոպան: Նոյեմբերի 28-ին կայացած ասուլիսում նրան տեսակետ հայտնեց «Կովկաս» ինտիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ ուշացումով, սակայն Եվրոպայում հասկացան, որ Արևելյան գործընկերության առումով կա լուրջ հակազդեցություն. նախկին ԽՍՀՄ պետությունները Լեհաստանը, Շվեդիան կամ Հունգարիան չեն, եւ նրանց վրա ռուսական ազդեցությունն ավելի մեծ է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի եւ Ուկրաինայի նախագահները «կամիկաձե»-ներ չէին եւ չէին կարող անտեսել անվտանգության կամ ապագա տնտեսական կոլապսի խնդիրներն ու ստորագրել կամ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը: «Ով էլ լիներ Սերժ Սարգսյանի կամ Վիկտոր Յանուկովիչի դերում, նույն որոշումն էր կայացնելու: Վրաստանի պարագայում Ռուսաստանը հակազդելու որեւէ միջոց չունի, քանի որ հնարավոր ամեն ինչ Վրաստանն արդեն կորցրել էր, իսկ Մոլոդովայի պարագում ռուսական կողմը դեռ լռում է: 2014-ին Մոլդովայում տեղի կունենան խո րհրդարանական ընտրություններ, որտեղ ամենայն հավանականությամբ, կհաղթեն կոմունիստները, և հենց այդ ժամանակ էլ Ռուսաստանը կսկսի ճնշումներ գործադրել Մոլդովայի վրա»,- ասաց Իսկանդարյանը’ հավելելով, որ Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո որոշ ժամանակ, համակարգչային լեզվով ասած’ stand by վիճակ կլինի, հետո կսկսվի համագործակցության նոր փուլ:

Նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում անցկացվում է ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը: Նախատեսվում էր Ուկրաինայի հետ ստորագրել, իսկ Հայաստանի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ նախաստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիր: Սակայն Ուկրաինան չկատարեց ԵՄ պահանջներն ու վերջին պահին կասեցրեց ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացը, իսկ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը, սակայն պատրաստ է շարունակել երկխոսությունը ԵՄ-ի հետ եւ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը քաղաքական գործա կցության մասով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում