Կվերադառնամ Թուրքիա, երբ կճանաչվի Հայոց ցեղասպանությունը, կպատժվեն Դինքի մարդասպանները. Ջևաթ Սինեթ

Մեծ թվով լրագրողներ իրենց արտահայտած մտքերի պատճառով Թուրքիայում հայտնվում են ճաղերի հետևում կամ ենթարկվում են հետապնդումների: Նման լրագրողներից է նաև հայազգի Ջևաթ Սինեթը, ով իր ընտանիքի հետ ամիսներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել Բելգիայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Բիանեթ» լրատվական գործակալությունն անդրադարձել է Սինեթի պատմությանը, ով սկսել է լրագրությամբ զբաղվել 1993 թվականից Ադանայում և գլխավորապես անդրադարձել է երկրում փոքրամասնությունների խնդիրներին:

«Լրագրության առաջին փորձերս սկսվեցին ընտանիքիցս: Հորեղբայրս’ Տիգրան Գազերյանը, Սիրիայի Ղամիշլիում էր, իսկ մենք’ Թուրքիայում: Մյուս հորեղբայրս’ Ռըզգոն, Հոլանդիայում: Ինչո՞ւ էր ընտանիքս սփռված: Ինչո՞ւ էր մեկը Սիրիայում, մեկը’ Թուրքիայում, մեկը’ Հոլանդիայում: Ինչո՞ւ էր մեկը Տիգրան, մյուսը’ Մուստաֆա, և ինչո՞ւ էր իմ անունը Ջևաթ»,- պատմում է Սինեթը’ նշելով, որ հենց այս խնդիրներն ուսումնասիրելն էլ դարձավ իր առաջին գործը: Ավելի ուշ հայազգի լրագրողն իմացել է, որ իրենք Հայոց ցեղասպանության զոհ դարձած ընտանիքներից էին, և որ իր հայրը մշտապես թաքցրել է իրենց ինքնությունը, հավատքը: «Թե’ մեր անունը, թե’ ազգանունը, ամեն բան փոխված էր: Խոսում էինք մի լեզվով, որը ոչ թուրքերեն էր, ոչ քրդերեն: Սակայն իրականում մենք ոչ թուրք, ոչ էլ քուրդ էինք: Ես հասկացա, որ մենք ցավոտ դեպքերի վկան էինք, կասկածյալն ու տուժածը: Պարտականությունս դարձրի Հայոց ցեղասպանությունն իրական տեսքով մյուս սերունդներին փոխանցելը և այդպիսով գրիչը ձեռքս առա»,- պատմում է հայազգի լրագրողը:

Նշելով, որ լրագրությունը ժողովրդի համար պետք է հայելի լինի, Սինեթը ցավով է արձանագրում, որ այս կանոնը Թուրքիայում չի գործում: Խոսելով Բելգիայի մասին, ուր արդեն շուրջ երեք ամիս է հաստատվել, նա հայտնում է, որ չնայած այստեղ բնակվում է շուրջ 175 ժողովուրդ, սակայն մինչ օրս իրենք ոչ մի խնդրի չեն հանդիպել: «Այստեղ ոչ ոք ձեր մտքերի համար ձեզ դավաճան և անջատողական չի համարի»,- նշում է Սինեթը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կցանկանա վերադառնալ Թուրքիա’ նա պատասխանում է. «Երբ Հրանտ Դինքի իրական մարդասպանները հայտնաբերվեն և պատժվեն, երբ Արամ Տիգրանի գերեզմանը բերեն Դիարբեքիր և երբ ճանաչվի Հայոց ցեղասպանությունը, այդ ժամանակ կհավատամ, որ Թուրքիայում արդարություն կա և կվերադառնամ: Այնտեղ, ուր արդարություն չկա, ապրելը կորցնում է իր իմաստը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում