Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը հաջողված է համարում Վիլնյուսյան գագաթնաժողովը

Թեպետ գլխավոր միջոցառումը չկայացավ եւ Ուկրաինան Ասոցացման համաձայնագիրը չստորագրեց, սակայն Վիլնյուսյան գագաթնաժողովը Եվրամիությունը համարում է հաջողված, քանի որ «Արեւելյան գործընկերության» առաջին համաժողովի ժամանակ նախանշված ցանկություններն իրագործվել են; «Արմենպրես»-ի տեղեկացմամբ’ այս մասին դեկտեմբերի 3-ին ԵՄ կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան’ հավելելով, որ գագաթնաժողովի ժամանակ ընդունված ամենակարեւոր փաստաթուղթը հռչակագիրն էր, որի տեքստը շարադրելիս, կողմերը հավասարապես շահագրհռված էին:

«Ակնկալում էինք, որ կլինեն դժվար, ծանր քննարկումներ, բայց դրանք լուծվեցին եւ այսօր ունենք հաջողված հռչակագիր: Այս համաժողովի ձեռքբերումներից էր, որ Բելառուսը համաձայնվեց ԵՄ-ի հետ բանակցել մուտքի արտոնագրերի դյուրացման շուրջ: Բոլոր մասնակիցները հաստատեցին միացյալ արժեքները, եվրոպական հիմքի վրա բարեփոխումների անհրաժեշտությունը, «ավելին’ավելիի դիմաց» սկզբունքի իրագործման շարունակությունը, ինչպես նաեւ հաստատվեցին եւ ձեռք բերված պայմանավորվածությունների հստակ ուղիներ նշվեցին ինչպես քաղաքական երկխոսության, այլեւ կոնկրետ ծրագրերի իրականացման առումով: ԵՄ-ն այս փորձառությունից դուրս եկավ շատ ավելի ուժեղ եւ միասնական»,- ընդգծեց ԵՄ դեսպանը:

Նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայացավ ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, որին մասնակցում էին ԵՄ անդամ երկրների ու «Արեւելյան գործընկերության» վեց պետությունների առաջին դեմքերը: Գագաթնաժողովի ժամանակ Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, Ադրբեջանը համաձայանգիր ստորագրեց վիզային ռեժիմի դյուրացման հետ կապված բանակցություններ սկսելու կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում