Թուրքիայում հարցվածների 7.2 տոկոսն է Հայաստանը վտանգավոր երկիր համարել

Թուրքիայի Քադիր Հաս համալսարանի’ 2013թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբերին 1000 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման մասնակիցների միայն 7.2 տոկոսն են Հայաստանը նշել որպես Թուրքիայի համար սպառնալիք, այն դեպքում, 2011թ.-ին հարցման ենթարկվածների 53 տոկոսն են Հայաստանը Թուրքիայի համար վտանգավոր երկիր համարել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, սոցհարցման մասնակիցներին հարցեր են առաջադրվել Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության մասին: Հարցվածների 36 տոկոսը Մերձավոր Արեւելքում Թուրքիայի վերջին 5 տարիների արտաքին քաղաքականությունը ձախողված է համարել, այն դեպքում, երբ նախորդ տարիներին անցկացված հարցումների ժամանակ մասնակիցները թուրքական արտաքին քաղաքականությունն ավելի դրական են գնահատել:

Այն հարցին, թե որ երկիրը կամ երկրներն են սպառնալիք համարում Թուրքիայի համար, թուրք քաղաքացիների 41.7 տոկոսը նշել է ԱՄՆ-ը, 37.1 տոկոսը’ Իսրայելը, 23.9 տոկոսը’ Սիրիան, 18.4 տոկոսը’ Իրանը:

Այն հարցին, թե որ երկիրն են Թուրքիային բարեկամ համարում, հարցվածների 38.6 տոկոսը պատասխանել է, որ բարեկամ չկա, 28 տոկոսը Թուրքիային բարեկամ երկիր է նշել Ադրբեջանը, 7.4 տոկոսը’ ԱՄՆ-ը, 3.8 տոկոսը’ Կիպրոսի թուրքական հատվածը, 2.9 տոկոսը’ Պակիստանը: Հարցումների արդյունքներից ելնելով, թերթը նշում է, որ Թուրքիայի քաղաքացիների շրջանում շարունակում է գերիշխող մնալ այն համոզմունքը, թե «թուրքից բացի, թուրքն այլ բարեկամ չունի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում