Վրաստանը փորձում է դիվերսիֆիկացնել թուրք-ադրբեջանական զույգից ունեցած կախվածությունը. վրացագետ

Վրաստանը փորձում է թոթափել և դիվերսիֆիկացնել թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական ազդեցությունը: Այդ մասին դեկտեմբերի 6-ին հրավիրíած ասուլիսում նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը: Նրա կանխատեսմամբ, Վրաստանի տնտեսական աճը կերևա հունվար-փետրվարին: «Այդ ժամանակ, եթե իրենք շատ մեղմ, շատ բաց ծրագրով աշխատեն, կարող են դիվերսիֆիկացնել տնտեսությունը»,- «Արմենպրե»-ի հաղորդմամբ,ասաց վրացագետը՝ հավելելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությունը հասնում է 2 միլիարդ դոլարի:

Մելիքյանը հիշեցրեց, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այս տարի 3 այց է կատարել Ադրբեջան, սակայն այդ երկիրը դեռևս պասիվ է Վրաստանի հետ հարաբերություններում: «Կարելի է ասել, որ այս շրջանն Ադրբեջանի համար սպասողական շրջան է»,- նշեց նա:

Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանին տնտեսական կախվածության մեջ են գցել: Այդ երկրները մի շարք տնտեսական և ներդրումային նախագծեր են իրականացնում Վրաստանում: Ադրբեջանը մատակարարում է Վրաստանում սպառվող բնական գազի շուրջ 85 տոկոսը, իսկ Թուրքիան Վրաստանի առաջատար առևտրային գործընկեր երկիրն է:

2012-ի հունիսի 26-ին այդ երեք երկրները ստորագրել են 7-8 միլիարդ դոլար արժողությամբ Տրանսանատոլիական նոր գազատարի (TANAP) կառուցման համաձայնագիր, որը ենթադրում է ադրբեջանական գազն արտահանել Եվրոպա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում