Թուրքիայում կործանվել է սեփական արտադրության երկրորդ անօդաչու թռչող սարքը

Թուրքիայի օդուժի հրամանատարության Բաթմանի ռազմաբազայից դեկտեմբերի 6-ին օդ բարձրացած թուրքական ANKA տիպի անօդաչու թռչող սարքը ժամը 18-ի սահմաններում Իքիզթեփե գյուղի մոտ վայր է ընկել: Անօդաչու սարքի կործանվելու պատճառը հայտնի չէ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

Անօդաչու թռչող սարքը Բաթմանի ժանդարմերիայի տարածաշրջանային հրամանատարության շենքին մոտ շրջանում վայր ընկնելուց հետո այրվել է:

Միջադեպի կապակցությամբ Թուրքիայի օդագնացության եւ տիեզերական արդյունաբերության (TAI) կենտրոնի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ ANKA-ն ընկել է թեսթային թռիչք իրագործելու ժամանակ:

Թուրքական արտադրության ANKA անօդաչու սարքի առաջին վթարը եւս թեսթային թռիչքի ժամանակ տեղի էր ունեցել 2012թ.-ի հոկտեմբերի 2-ին: Այն ժամանակ սարքի վերահսկողական համակարգում անսարքություն էր հայտնաբերվել, որից հետո սարքում փոփոխություններ են կատարվել: TAI-ն մտադիր է 2018թ.-ից զինված ուժերի կազմում շահագործման հանձնել սեփական արտադրության անօդաչու 10 սարք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում