Քարվաճառում ներկայացվեց ամանորյան միջոցառում

Դեկտեմբերի 26-ին Քարվաճառի մշակույթի ակումբում տեղի ունեցավ միջոցառում’ նվիրված Ամանորին:
Քարվաճառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ի սաները ողջունեցին ներկաներին, շնորհավորեցին գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդն ու կատարեցին ամանորյան երգ:

Այնուհետ նույն կենտրոնի թատերական խմբակի սաները ներկայացրին ամանորյան ներկայացում: Ըստ ներկայացման սցենարի, անտառում կորել էր Ամանորի հրաշքը, եւ անտառի բոլոր կենդանիները փնտրում էին այն, քանի որ առանց հրաշքի Ամանորն իրենց անտառ չէր այցելի: Ի վերջո, անտառի կենդանիներին օգնության է հասնում անտառի իմաստունը, ով բացում է նրանց համար գաղտնիքը. հրաշքն ամեն մեկի մեջ է, հրաշքը նրանց բարի ու լուսավոր ցանկություններն են…

Հրաշքը գտնված է, եւ շուտով անտառի կենդանիներին ու բոլոր փոքրիկներին են միանում նաեւ Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը:

Ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել «Հայրենասեր» կազմակերպությանը, որի նվիրած դիմակներն ու զարդարանքներն էլ ավելի գունեղ դարձրին ամանորյան միջոցառումը Քարվաճառում:

Նշենք, որ Քարվաճառի քաղաքապետարանն այս տարի եւս նվերներ էր պատրաստել 0-5 տարեկան երեխաների համար, որոնք հանձնվեցին անմիջապես դահլիճում, ներկայացումից հետո:

Ավելացնենք, որ այս օրերին տոնական տրամադրություն է նաեւ Քարվաճառի Վ. Սարոյանի անվան միջնակարգ դպրոցում. ցածր դասարաննների աշակերտները մի քանի օր շարունակ ներկայացնում են Նոր տարվան նվիրված հանդեսներ:

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում