Էրդողանի որդին թաքնվել է հոր անձեռնմխելի տանը

Թուրքական մամուլը բացահայտել է Թուրքիայում կառավարության կողմից կանխված երկրորդ կոռուպցիոն եւ կաշառքի ձերբակալությունների համար պատրաստված մեղադրանքի սենսացիոն մանրամասները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, այդ մեղադրական գործը, որում 100 մլրդ դոլարի հասնող կոռուպցիոն գործարքների փաստեր կան, Ստամբուլի գլխավոր դատախազ Թուրան Չոլաքքադին խլել է դեկտեմբերի 25-ին ձերբակալությունների նոր ալիք նախատեսող եւ 30-ից ավելի բարձրաստիճան չինովնիկների, այդ թվում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ որդու’ Բիլալ Էրդողանի նկատմամբ ձերբակալության որոշում ընդունած Ստամբուլի հանրապետական դատախազ Մուամար Աքքաշի ձեռքից: Ստամբուլի ոստիկանությունը հրաժարվել է կատարել Աքքաշի’ ձերբակալությունների վերաբերյալ որոշումը:Թերթը պարզել է, որ Բիլալ Էրդողանը հանդիսանում է ներկայում կալանված գործարարներին միլոնավոր դոլար փող փոխանցած TURGEV հիմնադրամի ղեկավարներից մեկը: Նրա ձերբակալության վերաբերյալ դատախազի որոշման մասին տեղեկացրած թերթերը հայտնել էին, որ հնարավոր ձերբակալությունից ապահովության համար Էրդողանը որդուն ուղարկել է արտասահման: Սակայն, «Ջումհուրիեթ»-ին հայտնի է դարձել, որ Բիլալ Էրդողանը չի փախել, այլ թաքնվում է Ստամբուլում գտնվող իր հոր տանը, որը որպես վարչապետին պատկանող սեփականություն, անձեռնմխելիության կարգավիճակ ունի, եւ ոստիկանու թյունը չի կարող այնտեղ գործողություն անցկացնել:

Դեկտեմբերի 17-ին ապօրինությունների, կոռուպցիայի եւ դրամաշորթության մեղադրանքներով երեք նախարարների որդիների, բարձրաստիճան չինովնիկների հետ կոռուպցիոն կապերի մեջ գտնվող հայտնի գործարարների հետ 50-ից ավելի անձանց սկանդալային ձերբակալություններից հետո Էրդողանը «Սաբահ» թերթի թղթակցին հայտարարել էր, որ այդ գործողությունների հետեւում կանգնած են ավազակախմբերը, որոնք կապված են խորքային պետության հետ եւ փորձում են իրեն վնաս հասցնել իր որդու’ Բիլալ Էրդողանի անունն արատավորելու միջոցով: Էրդողանը սպառնացել էր, որ իր որդուն ձերբակալել ցանկացողները «իրենք կհայտնվեն թակարդում»:

Թերթը նշում է, որ Բիլալ Էրդողանի ձերբակալության մասին որոշման հրապարակումը եւս մեկ հարված է վարչապետի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարությանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում