«Չէի ուզում, որ իմ երեխաներն էլ բոբիկ ու մերկ, սարեր-ձորերով փախչեին…»

Ջեմմա Խաչիկյանը Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցում աշխատում է դասվար, նրա ամուսինը’ Սամվել Խաչիկյանը, ԼՂՀ Շահումյանի շրջանի փրկարար ծառայության պետն է:

Տիկին Ջեմման երեք երեխաների մայր է, հոգատար ու սիրելի ուսուցչուհի, մեղմ ու համբերատար բնավորությամբ: Ջարդերի ու կռվի մասին խոսակցությունը սկսում է դժվարությամբ, բայց սկսելուց հետո արդեն պատմելու բան շատ կա:

Տիկին Ջեմման ու իր ամուսինն Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից են:

«Քանի որ մեր գյուղը սահմանամերձ չէր, արցախյան շարժումն սկսելուց հետո մենք ավելի ապահով էինք զգում մեզ: Այդ ժամանակ սկեսրայրիս հարազատները Մարաղա գյուղում էին. ինքն էլ հենց այդ գյուղից է: Մարաղայի կոտորածից հետո շատ մարդիկ եկան մեր գյուղ: 20-ից ավելի մարդ եկան միայն մեր տանը մնալու: Տեսարանն ահավոր էր. բոբիկ, տկլոր, առանց որեւէ փաստաթղթի, երեխաները գրկներին մի կերպ հասել էին մեր գյուղ: Գետը ոտքով էին անցել, գետը մեկին քշել էր, մյուսներին կարողացել էին փրկել…

Այդպես 20-ից ավելի մարդ մնացին մեր տանը, բարեկամ, բարեկամի բարեկամ. մի կերպ տեղավորեցինք: Մեր տանն արդեն տեղ չկար: Երկու երեխաներս փոքր էին, ես գնում էի մամայիս տանն էի քնում: Հետո մամայիս տանն էլ էր նույն վիճակը, քանի որ ամբողջ գյուղը լիքն էր փախստականներով: Ամբողջ գյուղի կենտրոնական մասում լիքը մարդիկ էին, երեխաներ էին’ ծնողներին կորցրած: Մարդիկ տներից ուտելիքներ էին բերում, դրսում տալիս փախստականներին: Տներում էլ տեղ չկար: Երկու-երեք օր այդպես մարդիկ մնացին փողոցներում, մինչեւ ղեկավարությունն անհանգստացավ նրանց համար, եւ նրանց բեռնատար մեքենաներով պիտի տեղափոխեին Երեւան: Տղամարդիկ չկային փախստականների մեջ, հիմնականում կանայք ու երեխաներ էին: Տղամարդիկ կռվում էին դաշտում»:

Ինչպես հիշում է տիկին Ջեմման, փախստականները Հաթերք էին գալիս թե´ Մարաղա գյուղից, թե´ ամբողջ Շահումյանի շրջանից: «Շահումյանից սարերով, ձորերով, Մռավն անցնելով եկել հասել էին Հաթերք: Հիմա մարդիկ կան, որ այստեղ են ապրում /Քարվաճառում Թ.Գ./, ես որ պատմում եմ, ասում են, որ իրենք էլ են եղել Հաթերքում փախստականների մեջ»: Փախստականները գալիս էին Հաթերք, քանի որ այն հայերի վերահսկողության տակ էր եւ անվտանգ էր համարվում:

Մարաղայի փախստականները երկար են մնացել, մոտ երկու շաբաթ: «Նրանց տեղավորեցինք, բայց Շահումյանի փախստականների համար արդեն տեղ չկար տներում: Ամենահարուստ ունեւորը նա էր, որ էշով կարողացել էր իր երեխաներին, իր փաստաթղթերն ու ոսկեղենը փրկել, հետը բերել», հիշում է տիկին Ջեմման:

«Երբ որ ես տեսա այդ իրավիճակը, հասկացա, թե մեր գյուղին ինչ է սպասվում: Այդ ժամանակ ամուսինս զինվորական ուռալ էր քշում, զենք էր տեղափոխում, շաբաթներով տուն չէր գալիս: Այդ ժամանակ ուռալը շրջվել էր, ինքն էլ տարածքում չէր, որ մտածեի’ թե ինքը մեզ դուրս կբերի: Կամազները որ եկան շահումյանիցներին տանեն, ես հասկացա, որ ամուսինս կողքիս չի, մեր համար այդ ժամանակ անհանգստացող չկա: Հասկացա, որ թուրքերը շուտով հասնելու են մեր գյուղ, քանի որ այդ ժամանակ իրենք բավականին հեշտ էին առաջ ընթանում:

Սկեսուրիս ու սկեսրայրիս ասացի, որ ես շահումյանցիների հետ գնում եմ Երեւան: Սկեսուրս չէր ուզում, որ գնամ, սկեսրայրս ասաց’ ինչպես ուզում ես, այդպես էլ արա:

Քույրս էլ հինգ երեխա ուներ: Ամենափոքրը նոր էր ծնվել: Ծննդաբերության ժամանակ հիվանդանոցը ռմբակոծել էին, բոլորն իջել էին նկուղ, քույրս մնացել էր սեղանի վրա, միայն բուժքույրն էր եկել, կողքը կանգնել, որ ծննդաբերեր: Հետո շենքն այրվել էր, միայն Աստծո կամքով էր, որ գրադը քրոջս չէր խփել:
Քրոջս երեխաներն էլ մեկը մեկից փոքր էին: Իրենք էլ հույս չունեին, մեքենա չկար տեղափոխվելու համար: Քրոջս տուն գնացի, ասացի’ անհանգստացեք ձեր երեխաների համար, ոչ մի տեղից հույս չկա: Քրոջս ամուսինն էլ թե’ Джемма, не паникуй, ասացի’ не паникую, բայց ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում: Վերջը լավ չի լինելու: Թուրքը սրբելով գալիս էր: Ինձ չլսեցին: Մամայենց էլ ասացի’ պատրաստ եղեք, փաստաթղթերը ձեռքի տակ պահեք, ես էլ գնում եմ: Ես որ տեսել էի, թե շահումյանցիները ինչպես էին հասել մեր տուն, բոբիկ, սոված, ոտքով սարեր, ձորեր էին անցել, ես չէի ուզում, որ իմ երեխաներն էլ էդ օրն ընկնեին: Շահումյանցիների հետ մի կերպ տեղավորվեցինք բեռնատարում. մեքենայում ասեղ գցելու տեղ չկար: Իմ երեխաներին, ամուսնուս քրոջ երեխաներին վերցրի, ու դուրս եկանք: Կամազի մեջ անտանելի, աննկարագրելի վիճակ էր, իրար կիպ կպած, տեղ չկար ոչ շարժվելու, ոչ շնչելու: Երեխաները լացում, ճչում էին…»:

Այդպես մի կերպ հասել են Երեւան, տեղավորվել բարեկամների տանը, մեծ նեղություններ կրել… Իրենց Երեւան հասնելու հաջորդ օրը ամուսնու մեքենան սարքվել է, եւ նա ընտանիքին արդեն ապահով Երեւանում թողնելով’ վերադարձել է Հաթերք:

«Ամուսնուս վերադառնալուց հետո արդեն գյուղում համարյա մարդ չի լինում, շունչ չի լինում: Առաջինը գնում է քրոջ տուն, ոչ մի ձայն, ոչ մի մարդ: Քրոջ ամուսինը կռվի դաշտում էր, քրոջ ընտանիքին ինքը պետք է տիրություն աներ: Մի կերպ գտնում է քրոջը, այգիների մեջ թաքնված: Հետո վերցնում է մամայիս, պապայիս, իր ծնողներին, մենակ մնացած ծեր, միայնակ մարդկանց: Իր պապիկն հինգ-վեց տարի անշարժ պառկած է եղել, հիվանդ էր, նրան էլ է վերցնում: Ինչքան հնարավոր է’ հարեւաններից վերցնում է: Ոչ մի իր չի վերցնում, քանի որ տեղ չկար, ամենքը մի ձեռք տեղաշոր են վերցնում միայն: Մի խոզ է մորթում, որ էդ մարդկանց ուր էլ տանի, կարողանա կերակրի: Հարեւաններից Պայծառ տատիկին էլ է ուզում տանի, ասում է’ թուրքերը մտնում են, գյուղում մարդ չկա: Տատիկն ասում է’ մեծ կին եմ, ինձ ով պիտի ձեռք տա, մենակ թե որ էդ խոզի գլուխն ինձ տաս, ինձ մի քանի օր կպահի, շատ շնորհակալ կլինեմ: Խոզի գլուխը տալիս է այդ կնոջը, ու իրենք շարժվում են»: Պայծառ տատիկը, սակայն, իզուր է հույս դրել թուրքերի մարդասիրության վրա:

Գյուղը գրավելուց հետո թուրքերն այնտեղ մնացած բոլոր մարդկանց սպանել էին ու շատ դաժան ձեւերով: Պայծառ տատիկի դիակն էլ գտել են իր դռան առջեւ: «Մարդկանց ոչ թե ուղղակի սպանել էին, այլ խոշտանգել ու այլանդակել. դիակի գլուխն ուրիշ տեղ են գտել, մարմինը’ տարբեր ձեւով այլանդակած,այլ վայրերում: Մոտ 20 հոգի մարդ էր մնացել գյուղում, բոլորին էլ սպանել են շատ դաժան ձեւով: Երբ որ գնում ենք մերոնց տուն, հարեւանի տունն ավելի բարձր դիրքում է, մերոնք միշտ ասում են’ տուն բարձրանալիս Պայծառ տատիկին ենք տեսնում’ խոզի գլուխը ձեռքին կանգած: Իրեն այդպես են թողել, ու հույս ուներ, թե ինքը մեծ կին է, իրեն բան չեն անի: Բայց արեցին… ու շատ դաժան ձեւով եւ շատերին: Ոչ ոք կենդանի չի մնացել մեր գյուղում», ծանր հիշողություններ է վերապրում տիկին Ջեմման:
Իր ամուսնու վարած բեռնատարը վերջին մեքենան էր, որ դուրս է եկել գյուղից:

«Դրանից հետո թուրքերը մտնում են: Հետո պատմում են, որ այդ մեքենային Աստված է պահել: Հաթերքից Գետավան ճանապարհը ոլորապտույտ է, ամեն ոլորին թուրքերը խփում էին, մեքենան աջ էր թեքվում, ձախ էին խփում, ձախ էին թեքվում, աջ էին խփում թուրքերը: Այդպես դուրս են եկել ճանապարհից»:

Երեւանում երկար մնալ չկարողանալով’ Խաչիկյանների ընտանիքը տեղափոխվել է Կալինինոյի շրջան, ապրել են Վանաձորում, մի կարճ ժամանակով էլ մեկնել են Ռուսաստան:

Պատերազմի ընթացքում Հաթերքն ազատագրվել է երկու անգամ: Վերջնական ազատագրումից հետո գնացել են գյուղ, որոշ տներ վառված են եղել, բոլոր տները’ թալանված: Հաթերքում հիմա էլ ապրում են տիկին Ջեմմայի սկեսուրն ու սկեսրայրը. վառած տան մի սենյակը վերանորոգել են ու ապրում են եւ չեն ցանկանում գյուղից դուրս գալ:

Իրենք սակայն, Հաթերքում չեն կարողացել վերահաստատվել ու ապրել. աշխատանք չկար, ապրելու հնար չկար, երեխաները փոքր էին:

Այդ ժամանակ լսել են Քարվաճառի վերաբնակեցման ծրագրի մասին ու եկել այստեղ: «Փառք Աստծո, տուն էլ ստացանք, աշխատանք էլ ունեցանք, հիմա նորմալ ապրում ենք», պատմում է տիկին Ջեմման:

Երկու աղջիկներն արդեն ամուսնացած են, բալիկներ ունեն:

Երրորդ աղջիկը’ Սաթենիկը, ծնվել է Քարվաճառում: Դաժան փախուստից, տուն կորցնելուց ու սարսափելի ապրումներից հետո Սաթենն ասես վերածնունդ է դառնում այս ընտանիքի համար, ընտանիք, որը հաստատվել է վերագտած հայրենիքում ու նպաստում է ազատագրված Քարվաճառի վերահայացմանն ու զարգացմանը:

Սաթենիկն այժմ սովորում է Քարվաճառի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանում, շնորհալի ու խելացի աշակերտուհի է:

Թամարա Գրիգորյան

«Ազատագրված Քարվաճառ. նրանց իրավունքը» շարքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում