Դինքի մահվան 7-րդ տարելիցի միջոցառմանը նրա դպրոցական ընկերը մանրամասներ կներկայացնի մտավորականի կյանքի մասին

«Նարեկացի» արվեստի միությունում հունվարի 19-ին տեղի կունենա Հրանտ Դինքի մահվան 7-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ միությունից, Դինքի կյանքի և գործունեության մասին կխոսի նրա դպրոցական ընկեր Սարգիս Հացպանյանը:Միությունում առաջին անգամ չէ կազմակերպվում միջոցառում’ նվիրված պոլսահայ ականավոր մտավորական, հասարակական գործիչ, Ստամբուլում հրատարակվող «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին: 2013 թ-ին նրա մահվան 6-րդ տարելիցի կապակցությամբ ևս հայտնի մտավորականների մասնակցությամբ հուշ-երեկո էր տեղի ունեցել:

Հրանտ Դինքը Թուրքիայի այն մտավորականերից էր ով հայտնի էր իր անվախ ելույթներով, համարձակ հոդվածներով: Նա թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին’ «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ: Նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել Ստամբուլի փողոցներ’ «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսներով: 2012 թ-ի հունվարի 17-ին Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր է ճանաչել հանցագործությունը ծրագրելու եւ ուղղոր դելու մեջ եւ ցմահ ազատազրկման դատապարել:

Օգյուն Սամասթը սպանություն իրագործելու պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է, որ սպանությունը կազմակերպված հանցագործություն չէ, եւ հանել էր ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ կասկածվող 19 անձանց ներկայացված մեղադրյանքները: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները բողոքարկել են թուրքական դատարանի կայացրած ամոթալի վճիռը, ինչի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թվականի մայիսի 15-ին բեկանել է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործություն ների դատարանի 2012 թ-ի հունվարի 17-ին ընդունած վճռի այն կետը, որում նշվել է, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «զինված ահաբեկչական կազմակերպություն» կանգնած չէ:

Թուրքիայի Վճռաբեկ դատարանի 9-րդ քրեական վարչությունը Հրանտ Դինքի սպանության գործով բողոքարկման վերաբերյալ հրապարակած վճռում նշել է, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «զինված ահաբեկչական խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում