«Քարվաճառն արդեն իմ առաջին հայրենիքն է»

Հարութ Դայուն Քարվաճառում բոլորն են ճանաչում: Նա Քարվաճառի «լույսի մարդն» է: Հենց ինքն է ամեն ամսվա սկզբում շրջում ամբողջ քաղաքում, գրում էլեկտրոէներգիայի ցուցմունքներն ու սրտացավորեն դիմում ամեն բնակչի, որ ժամանակին վճարեն լույսի վարձը: Հարութ Դային իր ընտանիքի հետ Քարվաճառում է բնակվում 1999 թվականից, առաջին վերաբնակիչներից է:

Իսկ դրանից առաջ…

Իսկ դրանից առաջ տեղի ունեցած պատմությունը մի փոքր դժվարությամբ է սկսում պատմել:
«Դե ի՞նչ պատմեմ, ամեն ինչ թողեցինք, գնացինք…», սկսում է Հարութ Դային:

Հարութ Չիլինգարյանը Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղից է: Այնտեղ իր ընտանիքով ապրել է մինչեւ 1992 թվականը, երբ գյուղը գրավվել է ադրբեջանցիների կողմից:

«Շարժումը որ սկսվեց, մեր մոտ էլ անհանգստություններ սկսվեցին: 89-ից մեր մոտ ճանապարհները փակվում էին: Մեր գյուղում միայն հայեր էին ապրում», պատմում է Հարութ Դային:

Շահումյանի շրջանում 16 գյուղ է եղել, եւ հայերն ու ադրբեջանցիներն ապրել են առանձին:
«4-ը թուրքի գյուղեր էին, 12-ը` հայի: Թուրքերը գալիս էին, մեզ մոտ աշխատում, գնում էին, բայց չէին բնակվում»:

Իր ընտանիքը հարազատ գյուղը լքել է 1992 թ. ապրիլի 12-ի գիշերը:

«Այդ գիշեր մենք գյուղից դուրս եկանք: Մեզ լուր հասավ, որ Գետաշենը վերցնում են: Մինչ այդ մեր գյուղը ռմբակոծել են: Այդ օրը հատկապես ուժեղ ռմբակոծեցին: Մենք երեք ինքնաթիռ ենք տեսել, մեկը եկավ մեր թաղամասի վրա, հայկական դպրոց ունեինք, նոր սարքած, հենց այդտեղ մի հատ բոմբ գցեց ու հետ գնաց: Մեր գյուղը տարածվում էր գետի երկու կողմում, գետը մեջտեղով էր հոսում: Սկսեցին կրակել մեր գյուղի վրա, գյուղամեջի ուղղությամբ: Մեր թաղամասը գյուղից կտրված էր, էլ չիմացանք, թե էդ կրակոցներից գյուղում զոհեր եղան, թե չէ: Մի ուրիշ սամալյոտ եկավ, էլի բոմբ գցեց, այս անգամ’ մեր թաղամասում: Խառնվեցինք իրար, մտանք տները:

Գյուղում շատ բարեկամներ ունեինք, հավաքվեցինք իրար գլուխ, որոշեցինք երեխաներին տանել սարը, կրակ վառենք, պալատկա խփենք: Որոշեցինք, որ կանայք երեխաների հետ կմնան էնտեղ, իսկ տղամարդիկ հետ կգան: Պայմանավորվել էինք, որ պիտի երեկոյան գնանք սարը, մեկ էլ լուրը հասավ, որ թուրքերը մյուս կողմից մտել են գյուղ: Ամեն ինչ մոռացանք, երեխեքին հավաքեցինք, դրեցինք տրակտորի լաֆետի մեջ ու գնացինք: Գիշերեցինք գյուղից մոտավորապես 17 կմ հեռու մի վայրում, որը համեմատաբար ապահով էր: Կրակ վառեցինք, այդ գիշերն այդտեղ մնացինք:

Այդ ժամանակ լուրերն իրար մարդիկ էին փոխանցում, մեզ ասացին, որ գնանք Նապատ: Մինչեւ Նապատ թուրքերը հասել են մեր հետեւից, կրակել են: Հետո տեղեկություն հասավ, թե փախեք Հաթերք: Մինչեւ Հաթերք գնացինք, էրեխեքին Հաթերքից մեքենայով ուղարկել ենք Երեւան»:

Հարութ Դային կոտորած չի տեսել. իրենք դուրս են եկել գյուղից այն ժամանակ, երբ ադրբեջանցիները մտել են գյուղ: Վերինշեն գյուղը դատարկվել է երկու օրվա մեջ:

Հարութ Դային, ինչպես եւ բազմաթիվ այլ հայ փախստականներ ամեն ինչ թողել են գյուղում, ոչինչ չեն կարողացել վերցնել: Հայրենի գյուղը լքել են ոտքով, չիմանալով, թե ուր են գնում եւ ինչպես են շարունակելու կյանքը…

Երեք երեխաներին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից ուղարկել են Երեւան’ չիմանալով, թե երեխաներն ինչպես են տեղ հասնելու, ուր են գնալու: 15 օր երեխաներից տեղեկություն չեն ունեցել:
Այդ 15 օրվա մեջ Հարութ Դային իր տիկնոջ’ Ռիմայի հետ, Հաթերքից ոտքով հասել է Գետավան, Գետավանից մեքենայով հասել է Ստեփանակերտ:

«Մոտավորապես 10 օր մնացել ենք այնտեղ, մինչեւ Լաչին /այժմ’ Բերձոր/ ոտքով ենք գնացել, էնտեղից գնացել ենք Գորիս, հետո’ Երեւան: Երեւանից գնացել ենք Հրազդան, ախպորս տուն, ու տեսել, որ էրեխեքս էնտեղ են»:

Երեխաներին Երեւանում դիմավորել է Հարութ Դայու եղբայրը: Այդ օրերին փախստականներին բերել են Երեւանի Սախարովի անվան հրապարակ, որտեղից նրանց դիմավորել են հարազատները…
Չիլինգարյանների ընտանիքը Հրազդանում մնացել է երեք ամիս մնացինք, այնուհետ տեղափոխվել է մոտակա գյուղ եւ ապրել այնտեղ յոթ տարի:

«Ես էլ, կինս էլ աշխատում էինք, ապրում էինք: Հետո 98-99 թթ. տղայիս հետ եկանք Քարվաճառում աշխատելու,իսկ 99-ից տեղափոխվեցինք այստեղ ապրելու»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Քարվաճառն իր համար կարողացել է դառնալ երկրորդ հայրենիք, Հարութ Դային ժպտալով ասում է. «Քարվաճառն արդեն իմ առաջին հայրենիքն է, սարի մի կողմից անցել ենք այս կողմ: Էն ժամանակ Մռավին նենց էինք նայում, հիմա սենց ենք նայում…»:

Հարութ Դայու ընտանիքը հարմարվել է այստեղ, երեք երեխաներն էլ արդեն ամուսնացած են եւ իրենք երեխաներ ունեն, որոնց համար Քարվաճառն արդեն ծննդավայր է: Երեխաները Մռավին այս կողմից են նայում, իսկ գաղթ ու ավեր տեսած տատիկներն ու պապիկները լիահույս են, որ իրենց թոռնիկների երկինքը միշտ խաղաղ է լինելու…

«Ազատագրված Քարվաճառ. նրանց իրավունքը» շարքից

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում