Քարվաճառը վերահայացվում է

Փետրվարի 13-ին Քարվաճառի կենտրոնական մասում, քաղաքի բլուրներից մեկի վրա տեղադրվեց մետաղից պատրաստված խաչ: Խաչը պատրաստել է Քարվաճառի բնակիչ վարպետ Աբրահամը:

«Խաչ պատրաստելու միտքը տղայիս է պատկանում, Էդիկին: Իր համար տուն ենք կառուցում, երկաթից գործեր եմ անում, ու ինքն էլ միտք տվեց խաչ պատրաստելու», պատմում է վարպետը: Որդու’ Էդիկի տունը կառուցվում է բլրի ներքեւի հատվածում: Իսկ խաչի տեղադրման օրը խորհուրդ է տվել հարսը:

«Հարսիս խորհրդով հենց փետրվարի 13-ին տեղադրեցինք, Տյառընդառաջի օրը»:

Խաչի մի կողմում հենց օրվա խորհրդի մասին գրություն է’ Տերն ընդառաջ մեզ: Իսկ մյուս կողմում գրված է «Փառք Հիսուսին, Ամեն»: Խաչի վրա նաեւ նշված է հեղինակի անունն ու տեղադրման ամսաթիվը: Խաչի բարձրությունը 3.20 մ է, լայնությունը’ 2.54 մ: Խաչի պատրաստման վրա վարպետը ծախսել է մեկ ամսից ավելի ժամանակ: 

Խաչի տեղադրումը մեծ խանդավառությամբ է ընդունվել քարվաճառցիների կողմից: Հենց Տյառընդառաջի օրը մարդիկ բարձրացել են այնտեղ, խարույկ վառել, խաղեր խաղացել:
Վարպետ Աբրահամը մտածել է նաեւ մոմավառության մասին. հատուկ տեղ է կառուցել, ավազ լցրել: Նախատեսում է նաեւ ժամանակի ընթացում ցանկապատել խաչի շրջակայքը, ճանապարհը մաքրել: «Ճանապարհը մի քիչ դժվար է, բայց դե խաչի մոտ տանող ճանապարհը պիտի դժվար լինի», ասում է վարպետը:

Խաչի լուսավորման համար դիմել է տեղական իշխանություններին. շրջվարչակազմի ղեկավարը խոստացել է լուսավորության հարցը լուծել:

Նշենք, որ դեռեւս եկեղեցի չունեցող Քարվաճառի համար խաչի գոյությունն իսկապես շատ կարեւոր է, եւ դա է ապացուցում նաեւ բնակչության ոգեւորությունը: Թերեւս այն ժամանակի ընթացքում շատ այցելվող ու խնամված սրբատեղի կդառնա քարվաճառցիների համար:

Քարվաճառը վերահայացվում է, ավերված եկեղեցիների, խաչքարերի ու սրբատեղիների փոխարեն կառուցվում են նորերը…

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում