Քարվաճառում հիշեցին Սումգայիթի զոհերին

Այսօր, փետրվարի 28-ին, Քարվաճառի բնակիչները հարգեցին 1988 թ. Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիների կողմից դաժանաբար սպանված խաղաղ հայ բնակիչների հիշատակը:

ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակիցները, Քարվաճառի քաղաքապետը, Քարվաճառ քաղաքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները’ տնօրենի գլխավորությամբ, քաղաքի բնակիչներն ու հարեւան համայնքերի բնակիչներ այցելեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ծաղիկներ դրեցին ու մոմ վառեցին: Այս հուշարձանը քաղաքում տեղադրվել է անցյալ տարի’ ապրիլի 24-ին: Հուշարձանն այն վայրում է, որտեղ ենթադրաբար եղել է Քարվաճառի եկեղեցին’ ադրբեջանցիների կողմից ավերվելուց առաջ: Այժմ այդ հուշարձանի մոտ պահպանվում են նաեւ տարածքից գտնված խաչքարների պատառիկներ:

Հատկանշական էր Սումգայիթի զոհերի հիշատակի օրն այցելել հենց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, քանի որ Սումգայիթի ջարդերն էլ հայոց ցեղասպանություն էին, չափերով անհամեմատ ավելի փոքր, սակայն իմաստով’ նույնը. Սումգայիթում էլ հային դաժանաբար սպանում էին միայն հայ լինելու համար:

Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը խոսք ասաց Սումգայիթում 1988 թվ. տեղի ունեցած սարսափելի ջարդերի մասին, նշեց օրվա խորհուրդը: Նա հիշեցրեց այն դաժան կոտորածները, որ իրականացրել են ադրբեջանցիները խաղաղ հայ բնակչության նկատմամբ եւ կարեւորեց արցախյան հերոսամարտի հաղթանակը’ որպես հատուցում այդ ջարդերին:

Ելույթի վերջում Ալեքսանդր Քանանյանը աղոթք կարդաց Սումգայիթի զոհերի հոգու հանգստության համար: «Այս աղոթքը կոչվում է Քրիստոս, որդի Աստծո, այն կարդում են ննջեցյալների համար», պարզաբանեց նա:

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում