Վահե Սարգսյանը Վրաստանում persona non grata է ճանաչվել

Վրաստանի իշխանություններն այսօր արգելել են ջավախքյան հիմնախնդրով զբաղվող հայտնի փորձագետ Վահե Սարգսյանյ մուտքը երկրի տարածք։ Բավրա–Նինոծմինդա մաքսային անցակետում Վրաստանի պարեկային ոստիկանության ծառայողները նրան տեղեկացրել են, որ վրացական կողմի կարծիքով Վահե Սարգսյանը վտանգ է ներկայացնում այդ պետության քաղաքացիների համար։
Times.am-ի հետ զրույցում Վահե Սարգսյանը նշեց, որ Ջավախքում այսօր պետք է մասնակցեր ընկերոջ հարսանիքին։ «Անցակետում երկարատև ստուգումներից, տեսա և ձայնագրոյթյուններից հետո ինձ հանձնեցին անցակետի պատասխանատու Զազադեի ստորագրությամբ փաստաթուղթ, որտեղ խիստ ընդհանուր ձևակերպումներով նշված է Վրաստան իմ մուտք գործելու արգելքի պատճառները։ Այս պահին ստիպված եմ վերադառնալ Երևան»։
Նշենք, որ Վահե Սարգսյանը պատմական գիտությունների թեկնածու է և տարիներ շարունակ զբաղվել է բացառապես գիտական և վերլուծական գործունեությամբ։ Նրա հետազոտությունների հիմնական թեմաները Ջավախքի հիմնախնդիրներն ու հայ–վրացական հարաբերություններն են։
Times.am-ի թղթակիցը փորձել է կապվել նաև ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան հետ, սակայն, ըստ երևույթի, վրաց դիվանագետներն իրենց նախագահի՝ վերջերս կայացած ակցից հետո որոշել են անցնել խոր ընդհատակ։ Մեր լրագրողների բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։