Հայ դատի նոր հանձնախումբ է բացվել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում

Արդարության և Ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայ դատի նոր հանձնախումբ է բացվել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Լեհաստանն այն երկրներից, որի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, նոր հանձնախմբի բացման արարողությանը ներկա է եղել Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գործադիր տնօրեն Գասպար Կարապետյանը:

Հայ դատի Լեհաստանի հանձնախումբն արդեն հրավիրել է իր առաջին հանդիպումը, որի ժամանակ ընդունել է հանձնախմբի աշխատանքային օրակարգը և առաջիկա ամիսների գործողությունների ծրագիրը: Առանձին նախագծերի և ծավալած գործունեության միջոցով այն կաշխատի լեհական հասարակական և քաղաքական շրջանակներում Հայկական հարցի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ’ միաժամանակ սերտ հարաբերություններ հաստատելով տեղի ՀՀ դեսպանատան և Լեհաստանում գործող հայկական ասոցիացիաների հետ:

Հանձնախումբը բաց է ցանկացած առաջարկների և գաղափարների համար’ հուսալով ստանալ Լեհաստանի մեր հայրենակիցների ակտիվ աջակցությունը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը Լեհաստանի խորհրդարանն ընդունել է 2005 թվականի ապրիլի 19-ին: Բանաձի ընդունումից հետո վատթարացել էին այդ երկրի հարաբերությունները Անկարայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում