Վահագն Չախալյանն արձագանքել է Սաակաշվիլու անպատասխանատու հայտարարություններին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մարտի 25-ին ծավալուն հարցազրույց է տվել վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը: Իր խոսքում նա անդրադարձել է Վրաստանում հայտարարված վերջին համաներմանը՝ նշելով, որ . «…դրա արդյունքում ազատ արձակվեցին պեդոֆիլներ, մարդասպաններ և չախալյաններ, որոնք տեսնում ենք թե ինչեր են անում Ջավախքում»:
Սակաշվիլու վերջին հարցազրույցի վերաբերյալ Times.am-ի թղթակիցը զրուցեց Վահագն Չախալյանի հետ:
Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին հարմար առիթը չի կորցնում Ձեզ վիրավորելու և վարկաբեկելու համար: Երեկ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում նա կրկին անդրադարձել է ձեր անձին: Ըստ ձեզ, ի՞նչն է Սաակաշվիլու նման պահվածքի հիմնական պատճառը:
Ցավոք սրտի, Վրաստանի նախկին նախագահը ոչ իր նախագահ եղած ժամանակ, ոչ էլ ներկայումս չսովորեց անպատասխանատու արտահայտություններ իրեն թույլ չտալ: Այս անգամ ևս նա անպատասխանատու հայտարարություններ է արել: Ինձ դասելով մարդասպանների, գողերի և հանցագործների շարքին՝ նա մոռանում է անմեղության կանխավարկածի մասին: Գործը ներկայումս գտնվում է Եվրադատարանում, իսկ դա արդեն իսկ նշանակում է, որ դրանում առկա են եղել բազմաթիվ խախտումներ, ուստի իմ մեղավորությունը հաստատված չէ: Այսինքն՝ Սաակաշվիլին միանշանակ իրավունք չունի նման արտահայտություններ թույլ տալ: Սա հարցի իրավաբանական մոտեցումը, - ասաց Չախալյանը՝ անդրադառնալով նաև իր հետ կապված Սաակաշվիլու այլ հայտարարություններին:
Ջավախցի գործիչը նշեց, որ Սաակաշվիլին մեկ առիթով հայտարարել է, թե միակ գործը, որը նա երբևէ ուսումնասիրել է լուսանկարիչների հայտնի գործն է. «Սակայն իմ ազատ արձակումից ընդամնեը 2 օր անց՝ 2013թ-ի հունվարի 25-ին, նա հանդես եկավ արտակարգ հայտարարությամբ՝ շուրջ 45 րոպե խոսելով իմ մասին: Չուսումնասիրած լինելով իմ գործը՝ նա ինձ մեղադրեց տարաբնույթ հանցագործությունների մեջ՝ սկսած զինված հեղափոխություններ կազմակերպելու փորձից մինչև օտարերկյա գործակալ լինելու մեջ: Այսինքն՝ Սաակաշվիլին, ինչպես միշտ, անպատասխանատու հայտարարություններ է կատարել»:
Մեկնաբանելով Սաակաշվիլու՝ դատախազություն կանչելու մասին լուրը՝ Չախալյանը նշեց, որ եթե նա անմեղ է, ապա չպետք է խուսափի հարցաքնության ներկայանալ՝ որպես վկա:
«Իր իշխանության տարիներին նա շատ էր քննադատում տարբեր մարդկանց՝ չսպասելով դատարանի որոշմանը միանգամից հանցագործ էր անվանում: Այսօր ինչո՞ւ է նա վախենում հարցաքննության ներկայանալ՝ որպես վկա: Իհարկե, սեփական երկրի բազմաթիվ հայ քաղաքացիների նկատմամբ հանցանք գործած նախագահը կվախենա ներկայանալ դատախազություն»,- ասաց Չախալյանը:
Վահագն Չախալյանն իր խոսքն ավարտեց՝ հռետորական հարց ուղղելով Սաակաշվիլուն. «Նա երեկ իր ելույթում ասաց՝ տեսնում ե՞ք ինչ է հիմա կատարվում Ջավախքում: Իսկ ի՞նչ է կատարվում: Ջավախքն այսօր առավել քան կայուն է: Այդ կայունությունը փորձում են խաթարել նրա կողմնակիցները, ովքեր երազում են ամենաթողության և անիշխանության անցած տարիների վերականգնման մասին»: