Ռումինիայի եւ Բուլղարիայի հայ համայնքները համատեղ հայտարարություն են տարածել Քեսաբի դեպքերի վերաբերյալ

Ռումինիայի եւ Բուլղարիայի հայ համայնքների ներկայացուցիչները, մարտի 29-ին բուլղարական սահմանային Ռուսե քաղաքում կայացած միջհամայնքային հանդիպման ժամանակ, խոր անհանգստություն են հայտնել մարտի 21-ին հայաբնակ Քեսաբ քաղաքի եւ շրջակա բնակավայրերի վրա իսլամական ծայրահեղական խմբավորումների հարձակումների կապակցությամբ, որոնց հետեւանքով տեղի հայ բնակչությունը մեկ դարի ընթացքում արդեն որերորդ անգամ ենթարկվում է հալածանքների, բռնություններ ի եւ տեղահանության։ Հավաքի մասնակիցներին սա հիշեցրել է 1915թ. Հայոց ցեղասպանությունը, հատկապես, որ գրոհայինները Սիրիա են թափանցել Թուրքիայից՝ անարգել հատելով թուրքական հսկողության սահմանային անցակետերը։Այս տագնապահարույց վիճակի շուրջ եւ ի պաշտպանություն Քեսաբի հայության, Ռումինիայի եւ Բուլղարիայի հայ համայնքների ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Կոչ ենք անում միջազգային հանրությանը, Միավորված ազգերի կազմակերպությանը, Մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներին, Եվրոպայի խորհրդին, Եվրոպական միությանը, քաղաքակիրթ մյուս պետություններին, այդ թվում’ Ռումինիայի եւ Բուլղարիայի կառավարություններին, խստագույնս դատապարտել Սիրիայի հայ փոքրամասնության նկատմամբ ծայրահեղական խմբավորումների բռնությունները, հետաքննել այդ գործողություններին երրորդ երկրների մասնակցության փաստերը, պաշտպանել Քեսաբի հայկական բնակչությանը եւ գործուն միջոցներ ձեռնարկել Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման եւ նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ, դիվանագիտական ուղիներով Ռումինիայի խորհրդարանի եւ կառավարության ուշադրությունն է հրավիրվել հարցի վրա: Ռումինահայ համայնքը նույնպես Քեսաբի շուրջ ծավալվող իրադարձությունների եւ տեղի հայության տառապանքների ու անելանելի դրության վերաբերյալ դիմել է ռումինական իշխանություններին: Սենատոր Վարուժան Ոսկանյանը եւ պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը վաղը’ ապրիլի 1-ին, պատրաստվում են հայտարարությամբ հանդես գալ Ռումինիայի խորհրդարանի վերին եւ ստորին պալատների լիագումար նիստերում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում