Քեսաբի քաղաքապետը չի հաստատել 22 քեսաբահայերի առևանգվելու մասին լուրերը

Քեսաբահայերը մեծ հույսեր ունեն, որ հայրենի Քեսաբը շուտով կազատագրվի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը՝ նշելով, որ սիրիական բանակն առաջ է շարժվում՝ հսկողություն հաստատելով զինյալների գրաված տարածքներում: Վազգեն Չափարյանը նաև տեղեկացրեց, որ Քեսաբից հեռանալ չցանկացող մոտ 32 տարեցներից 12-ը դուրս եկել այնտեղից, և նրանց Թուրքիայի տարածքով հասցրել են Հալեպ կամ Լաթաքիա: Ինչ վերաբերում է տարածված լուրերին, որ 22 քեսաբահայեր են առևանգվել, ովքեր թուրքական բանտերում են կամ սպանվել են, ապա նա նշեց, որ նման լուրեր չկան: «Քեսաբում մնացած հայերը 80 տարեկանն անց տարեց մարդիկ են, իսկ մյուսները, մինչև զինյալների քաղաք մտնելն, ապահով հասել են Լաթաքիա կամ հարակից շրջաններ»,- նշեց Չափարյանը:  Ավելի վաղ լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ Քեսաբի վրա ապստամբների հարձակումից 22 հայեր են զոհվել, և սիրիական բանակն արդեն հսկողություն է հաստատել Քեսաբի վրա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում